ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից ազատվելը կվերացնի խոչընդոտը պատանդների ազատման և Գազայի պատերազմը դադարեցնելու ճանապարհին. Նեթանյահու
ՀԱՄԱՍ-ի՝ Կատարում բնակվող ղեկավարներից ազատվելը կվերացնի գլխավոր խոչընդոտը բոլոր պատանդների ազատման և Գազայի պատերազմը դադարեցնելու ճանապարհին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Նա սոցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Կատարում բնակվող ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչ ղեկավարները թքած ունեն Գազայի բնակիչների վրա։ Նրանք արգելափակել են հրադադարի բոլոր փորձերը՝ պատերազմը անվերջ ձգձգելու նպատակով»:
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը Դոհայում, ինչը դատապարտել է Կատարը, որը հանդիսանում էր հրադադարի շուրջ բանակցությունների հարթակներից մեկը։
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հարձակման հետևանքով սպանվել է հինգ անդամ, այդ թվում՝ կազմակերպության ղեկավար Խալիլ ալ-Հայայի որդին, որը գտնվում է Գազայի հատվածում՝ աքսորի մեջ։ Սակայն նրա բարձրաստիճան ղեկավարները և բանակցային խմբի անդամները ողջ են մնացել։ Կատարը հայտնել է, որ սպանվել է նաև ներքին անվտանգության ուժերի աշխատակիցը։
ՀԱՄԱՍ-ը Դոհայում տեղի ունեցած հարձակումը որակել է հրադադարի շուրջ բանակցությունները խափանելու փորձ և հայտարարել է, որ դա չի փոխի Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ խմբավորման ներկայացրած պայմանները։ Իսրայելը պահանջել է, որ ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին և զինաթափվի։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի ազատի բոլոր պատանդներին առանց համաձայնության, որը կդադարեցնի պատերազմը, և վայր չի դնի զենքը, քանի դեռ պաղեստինցիները չեն ստեղծել անկախ պետություն։


