Գրոսսին կայցելի Բելառուս
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երեքշաբթի կմեկնի Մինսկ՝ բանակցությունների համար և կայցելի Բելառուսի ատոմակայան Օստրովեց քաղաքում։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր կմեկնի Բելառուս՝ մայրաքաղաք Մինսկում բարձր մակարդակի հանդիպումների, ինչպես նաև Օստրովեցում ատոմակայան այցելելու համար»,- ասվում է գործակալության X-ի էջում տեղադրված տեքստում։
Բելառուսի ատոմակայանի տարածքում Գրոսսին և նրա թիմը «կգնահատեն իրավիճակը»։
Գործակալության մամուլի ծառայությունն ընդգծել է, որ այցը «կայանում է այն ժամանակ, երբ ՄԱԳԱՏԷ-ն հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում միջուկային անվտանգության ապահովմանը»։