երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Գործակալների օրենքին» չենթարկվելու դեպքում ՀԿ-ների հաշիվները կսառեցվեն. Թբիլիսիի քաղաքապետ

«Գործակալների օրենքին» չենթարկվելու դեպքում ՀԿ-ների հաշիվները կսառեցվեն. Թբիլիսիի քաղաքապետ

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է այն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հաշիվների հնարավոր սառեցման մասին, որոնք հրաժարվում են ենթարկվել «գործակալների մասին» օրենքին, գրում է aliq.ge-ն:

Մի շարք հասարակական կազմակերպություններ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն գրանցվելու օտարերկրյա գործակալների ռեգիստրում։

Կալաձեն ասել է, որ ՀԿ-ներին և լրատվամիջոցներին սպառնում են ֆինանսական պատժամիջոցներ, ինչից հետո հաշիվները կսառեցվեն, իսկ կազմակերպությունները չեն կարողանա աշխատել։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 3-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «գործակալների մասին» օրենքը։

Չնայած այն հանգամանքին, որ հազարավոր մարդիկ բողոքում են օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ Վրաստանի գործընկեր երկրները դա համարում են եվրաինտեգրմանը խոչընդոտող գործոն, խորհրդարանի նախագահն այս օրենքն անվանել է «ամենավրացական օրենք»։

«Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով տասնյակ հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե երկու ամիս շարունակ բողոքում էին օրենքի դեմ։ Բողոքի ակցիան շարունակվում է: Օրենքի թիրախում գտնվող կազմակերպությունները մտադիր չեն ենթարկվել օրենքին և դիմելու են բողոքի օրինական միջոցների։

  • Կիսվել: