երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գորբաչովը հայտարարել է, որ Խորհրդային Միությունը հնարավոր էր «փրկել»

Գորբաչովը հայտարարել է, որ Խորհրդային Միությունը հնարավոր էր «փրկել»

Նախկին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի առիթով հարցազրույց է տվել ՏԱՍՍ-ին՝ ասելով, որ Խորհրդային Միությունը կարելի էր «փրկել» Սուվերեն պետությունների միություն ստեղծելու միջոցով:

Գորբաչովը հայտարարել է, որ խորհրդային իշխանություններն ի սկզբանե թերագնահատել են ազգամիջյան խնդիրների ծավալները Խորհրդային Միությունում և նրա թարմացման, նորացման անհրաժեշտությունը:
 
Գորբաչովի խոսքով՝ խորհրդային իշխանությունների նպատակը իրական ինքնիշխանություն ունեցող հանրապետությունների իրական համադաշնություն ստեղծելն էր:

«Անվտանգությունը, պաշտպանությունը, տրանսպորտային ցանցը, միասնական արժույթը մարդու իրավունքների ապահովումն, ըստ պայմանագրի նախագծի, պիտի լինեին միութենական կառույցների իրավասության ոլորտում: Ես վստահ եմ, որ դա կենսունակ տարբերակ էր, հանրապետությունների մեծ մասը կաջակցեր դրան, բայց ԳԿՉ-ի հեղաշրջման փորձը խափանեց այդ հնարավորությունը: Բայց նույնիսկ պուտչից հետո, երբ հանրապետությունները հայտարարեցին իրենց անկախության մասին, իսկ ԽՍՀՄ նախագահի դիրքերը լրջորեն թուլացան, ես կարծում էի, որ Միությունը կարելի էր պահպանել, և առաջարկեցի համաձայնության հասնել Սուվերեն պետությունների միություն ձևավորելու մասին», - ասել է Գորբաչովը:

Միխայիլ Գորբաչովը Խորհրդային Միության ղեկավարն է եղել 1985-1991 թթ.: 1985 թ. մարտի 11-ին ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար: 1990-1991 թթ. եղել է ԽՍՀՄ նախագահը: Նա Խորհրդային Միության ղեկավարներից միակն է, որը զբաղեցրել է այդ պաշտոնը:

 

  • Կիսվել: