երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Գիտենք, թե ինչի կարիք կա»․ ՆԱՏՕ-ում հայտարարել են Ուկրաինայի ՀՕՊ ուժեղացման անհրաժեշտության մասին

«Գիտենք, թե ինչի կարիք կա»․ ՆԱՏՕ-ում հայտարարել են Ուկրաինայի ՀՕՊ ուժեղացման անհրաժեշտության մասին

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարները նշում էին դաշինքի ձևավորման 75-ամյակը։ Գրում է «Ամերիկայի ձայնը»-ը։  

 

Հանդիպման գլխավոր հարցերից էր ուկրաինական պատերազմը, և չնայած արևմտյան երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, Ռուսաստանը շարունակում է մարտադաշտում որոշակի հաջողություններ գրանցել՝ հրթիռակոծելով Ուկրաինայի բնակավայրերը։ Օրինակ, Խարկովի ռմբակոծության հետևանքով նախօերին զոհվել են չորս հոգի, վիրավորվել տասնյակ մարդիկ։

Իրավիճակին անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․ «Իրավիճակը մարտադաշտում շարունակում է ծանր մնալ։ Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության ավելի շատ միջոցներ, զինամթերք և աջակցություն: Դաշնակիցներն կվերադառնան [գագաթնաժողովից] ու կհասկանան՝ արդյո՞ք կան հնարավորություններ [Կիևին], մասնավորապես, Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու համար»:

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան դիմել է ՆԱՏՕ-ի անդամ-պետություններին՝ խնդրելով ընդլայնել հատկացվող ռազմական օգնությունը, հատկապես՝ տրամադրել հակաօդային պաշտպանության ամերիկյան Patriot համակարգեր:

«Ուկրաինացիների կյանքը, երկրի տնտեսությունը, մեր քաղաքների փրկությունը կախված է Patriot-ի և հակաօդային պաշտպանության այլ համակարգերի առկայությունից: Patriot-ը միակ համակարգն է, որը կարող է որսալ բալիստիկ հրթիռները: Միայն մարտին 94 բալիստիկ հրթիռներ են հարվածել Ուկրաինային»,- ասել է Կուլեբան։

Հայտնի է, որ ԱՄՆ Կոնգրեսում շարունակում է արգելափակված մնալ Ուկրաինայի համար նախատեսված և մոտ 60 միլիարդ դոլար պարունակող ռազմական օգնության փաթեթը։

 

Ելույթ ունենալով Բրյուսելում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հորդորել է ամերիկացի օրենսդիրներին կողմ քվեարկել օրինագծին:

«Գիտենք, թե [ուկրաինացիները] ինչի կարիք ունեն՝ հակաօդային պաշտպանության, հրետանու, զինամթերքի: Հավատում եմ, որ բոլորը, ներառյալ Միացյալ Նահանգները, պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, կրկնապատկել ռեսուրսների մատակարարումը, որոնք պետք են Ուկրաինային»,- ասել է Բլիքենը:

Վերլուծաբան Լիանա Ֆոքսի խոսքով, այլևս ակնհայտ է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը թույլ է. «[Ուկրաինայի հակաօդային պաշտպանության միջոցները] պաշտպանում են միայն որոշակի, կարևոր ռազմավարական օբյեկտներ, նախևառաջ՝ մայրաքաղաք Կիևում։ Նախորդ շաբաթներին Ռուսաստանն ակտիվացրել է իր գրոհները, հատկապես՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ: Եվ հենց այդտեղ է Ուկրաինային անհրաժեշտ լրացուցիչ պաշտպանություն, որը կարող է ապահովել Patriot-ը»:

Բրյուսելյան հանդիպման արդյունքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է 107 միլիարդ դոլար պարունակությամբ միջոցներ ժողովել Կիևի համար, որոնք Ուկրաինային կարող են տրամադրվել առաջիկա հինգ տարիներին։ Ստոլտենբերգը հույս է հայտնել այդ հարցում համաձայնության հասնել այս հուլիսին՝ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովին:

Արձագանքելով՝ Կրեմլը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են «ուղիղ առճակատման մակարդակի»։

  • Կիսվել: