Ղազախստանում վաղը սգո օր կլինի. անտառային հրդեհներից 14 անձ է մահացել
Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն ի հիշատակ մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով զոհվածների, հունիսի 12-ը հայտարարել է սգո օր։
Հրդեհը բռնկվել է Ղազախստանի Աբայի շրջանում կայծակի հարվածի հետևանքով։ Հրդեհի հետևանքով «Սեմեյ օրմանի» արգելոցի 14 աշխատակից մահացել է։ Վերջին տվյալներով` այրվել է ավելի քան 60 հազար հա տարածք։ Մարման աշխատանքներին ավելի քան 300 միավոր տեխնիկա է ներգրավված, ինչպես նաև մոտ 1500 մարդ և 11 ուղղաթիռ։
Ղազախստանի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Աբայի շրջան, նաև ցավակցել է մահացածների հարազատներին և բարեկամներին։
Նա կառավարությանը հանձնարարել է ժամանակավոր աջակցություն տրամադրել զոհվածների ընտանիքներին` թե՛ ֆինանսական, թե՛ այլ։
Նա ընդգծել է, որ երկուշաբթին հայտարարում է սգո օր։