կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղազախստանում զանգվածային անկարգությունները նախապես են պատրաստվել. ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար

Ղազախստանում զանգվածային անկարգությունները նախապես են պատրաստվել. ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար

Ղազախստանում իրավիճակի ապակայունացմանը միտված զանգվածային անկարգությունները նախապես են պատրաստվել, իսկ կազմակերպիչներն աջակցություն են ստացել արտասահմանից։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես և ինտեգրացիոն կառույցների մեր գործընկերները լիովին աջակցում ենք Ղազախստանի ղեկավարության և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ձեռնարկված միջոցառումները՝ ուղղված Ղազախստանում սահմանադրական կարգը պաշտպանելուն և օրինականությունը վերականգնելուն։

Այսօր արդեն ակնհայտ է, որ ապակառուցողական տարրերը, հանցագործները նախապես են պատրաստվել Ղազախստանում իրավիճակի ապակայունացմանը միտված զանգվածային միջոցառումներին և աջակցություն են ստացել արտասահմանից՛՛։

Լեբեդևը շեշտել է, որ ՛՛ԱՊՀ տարածքում ՛՛գունավոր հեղափոխությունների՛՛ և ապստամբությունների սադրիչները, համակարգողներն ու հովանավորներն՛՛ այս օրերին պարծենում են, որ առանցքային դերակատարում են ունեցել Ղազախստանի քաղաքներում տեղի ունեցած հանցավոր գործություններում։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: