ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ղարիբաշվիլին վստահ է՝ ոչ ոք ի վիճակի չէ կանգնեցնելու հակամարտությունն Ուկրաինայում

Ղարիբաշվիլին վստահ է՝ ոչ ոք ի վիճակի չէ կանգնեցնելու հակամարտությունն Ուկրաինայում

Ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ոչ ոք ի վիճակի չէ դադարեցնելու ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչի հետևանքով երկրի ընդարձակ տարածքները ՛՛վերածվել են զորավարժարանի՛՛, տեղեկացնումէ  ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա կառավարության նիստի ժամանակ, մասնավորապես, ասել է. ՛՛Աշխարհում իրավիճակը շատ ծանր է, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում նման մարտահրավեր չի եղել: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, պատերազմը չի դադարում, Ուկրաինայի տարածքի 20 տոկոսից ավելին արդեն վերածվել է զորավարժարանի: Ավերիչ պատերազմ է, քաղաքները, շրջանները, գյուղերը հավասարվում են հողին, և ոչ ոք ի վիճակի չէ դա կանգնեցնելու՛՛:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ ՛՛Վրաստանն ուկրաինացնելու՛՛, այսինքն՝ այն նույն զորավարժարանի վերածելու և Ռուսաստանի դեմ ՛՛երկրորդ ճակատ՛՛ բացելու Վրաստանի թշնամիների ծրագիրը ձախողել է։ Ղարիբաշվիլին նշել է, որ տնտեսական աճը, գնաճի և աղքատության մակարդակի նվազեցումը, որոնք նկատվում են երկրում, անհնար է առանց խաղաղության պահպանման։

Վրաստանի իշխանությունները պարբերաբար մեղադրում են որոշ արևմտյան և ուկրաինացի քաղաքական գործիչների՝ երկիրը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար։ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ ասել էր, որ ՛՛երկրորդ ճակատի՛՛ մասին խոսակցությունները համարում է դավադրության տեսություն։

 

  • Կիսվել: