երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գերմանիայի կառավարությունը խոստացել է Լիտվայում մշտական հիմունքներով տեղակայել մարտունակ և ինքնավար ստորաբաժանում

Գերմանիայի կառավարությունը խոստացել է Լիտվայում մշտական հիմունքներով տեղակայել մարտունակ և ինքնավար ստորաբաժանում

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Լիտվայում Բունդեսվերի բրիգադի տեղակայման մեկնարկը կարևոր քայլ է համարել ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրապնդելու ուղղությամբ, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Այսօր Բեռլինում, բրիգադի 20 զինծառայողներից բաղկացած առաջապահ ջոկատը Լիտվա ուղարկելու արարողության ժամանակ նախարարը, մասնավորապես, նշել է. «Սա կարևոր օր է Բունդեսվերի համար: Մենք առաջին անգամ սկսում ենք մշտական ​​հիմունքներով նման ստորաբաժանում տեղակայել Գերմանիայի սահմաններից դուրս»:

Նշվում է, որ Լիտվա մեկնող զինծառայողները պետք է պայմաններ նախապատրաստեն հետագայում գերմանացի զինվորներին Լիտվա տեղափոխելու համար։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Լիտվայում գերմանական ռազմակայանի ստեղծմանը՝ դա անվանելով «լարվածության սրման շարունակություն»։ Նա հայտարարել է, որ դա Ռուսաստանին դրդում է հատուկ միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման համար։

Եվրոպայում անվտանգության ոլորտում փոփոխված իրավիճակի ֆոնին Գերմանիայի կառավարությունը խոստացել է Լիտվայում մշտական հիմունքներով տեղակայել մարտունակ և ինքնավար ստորաբաժանում։

Բունդեսվերի բրիգադը պետք է լիարժեք մարտական ​​պատրաստության վիճակի հասնի մինչև 2027 թվականը։ Այն բաղկացած կլինի Բունդեսվերի շուրջ 4800 զինվորից և 200 քաղաքացիական ծառայողից, որոնք հնարավորություն կստանան Լիտվա բերելու իրենց ընտանիքներին։

45-րդ տանկային բրիգադ անվանմամբ ստորաբաժանումը պլանավորվում է վերջնականապես ձևավորել 2025 թվականին։ 150 զինծառայողներից բաղկացած ոչ մեծ խումբը Լիտվայում ծառայությանը ձեռնամուխ կլինի արդեն այս տարի։ 

  • Կիսվել: