երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գերմանիան 120-օրյա անցումային ժամանակահատվածում կդադարեցնի Ռուսաստանից ածխի ներկրումը

Գերմանիան 120-օրյա անցումային ժամանակահատվածում կդադարեցնի Ռուսաստանից ածխի ներկրումը

 Գերմանիան պետք է ամբողջությամբ օգտագործի ՌԴ-ից ածխի ներմուծումից փուլ առ փուլ հրաժարվելու քառամսյա անցումային շրջանը, որը նախատեսված է Եվրամիության դեսպանների հավանությանն արժանացած հակառուսական պատժամիջոցների հինգերորդ փաթեթով:

Այս մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Մենք պետք է օգտագործենք այդ ժամանակահատվածը (120 օր)», - նշել է Շոլցը: «Եթե ավելի արագ ստացվի, ավելի լավ։ Սակայն մեզ ժամանակ կպահանջվի, և այն պետք կգա ընկերություններին, թեև նրանք արդեն վաղուց նոր մատակարարներ են փնտրում», - հավելել է նա։
 
Ավելի վաղ Գերմանիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Գերմանիան հետևողականորեն իրականացնում է ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցման քայլերը:
 
Գերմանիայի կառավարությունը, նրա խոսքով, Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության հենց սկզբից արմատական, արագ քայլեր է արել ռուսական էներգակիրների ներմուծումից կախվածության նվազեցման ուղղությամբ, որոնք հետևողականորեն իրագործվում են:
 
Մասնավորապես, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանից մատակարարումների այլընտրանքի վերաբերյալ, իսկ Գերմանիան, նախարարի խոսքով, ունի համապատասխան ենթակառուցվածք: Այնուամենայնիվ, Հաբեկը նշել է, որ Եվրոպա ռուսական ածուխի մատակարարումների արգելքի անհապաղ սահմանումը Գերմանիայում կհանգեցներ լուրջ խնդիրների:
Հիշեցնենք, հինգշաբթի Եվրամիության երկրների դեսպանները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթին, որը, մասնավորապես, սահմանափակումներ է նախատեսում ֆիզիկական անձանց և ֆինանսական հաստատությունների նկատմամբ, ինչպես նաև էմբարգո է սահմանում ՌԴ-ից ածխի ներմուծման և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման համար: Արտահանման արգելքի տակ հայտնված ապրանքների ծավալը գնահատվում է 10 մլրդ եվրո, մինչդեռ «հումքի և այլ նյութերի» ներմուծման սահմանափակումները կվերաբերեն 5,5 մլրդ եվրոյի ապրանքներին:
 
Բացի այդ, ռուսական դրոշի ներքո նավերին կարգելվի մուտք գործել Եվրոպական երկրների նավահանգիստներ, իսկ ՌԴ-ից և Բելառուսից տրանսպորտային ընկերություններն այլևս չեն կարողանա գործունեություն ծավալել ԵՄ-ի տարածքում:

  • Կիսվել: