չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Գերմանացի խորհրդարանականները կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Գերմանացի խորհրդարանականները կասկածվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը հունվարի 30-ին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ Կարին Շտրենցին։ Վերջինս մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու և այդ երկրի շահերի լոբբինգով զբաղվելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Լինտերը։ Այս մասին գրում է Hetq.am-ը։

Պատգամավոր Կարին Շտրենցն ընտրվել էր Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա հողից։ Նրան մեղադրում են առնվազն 22 հազար եվրո կաշառք ստանալու մեջ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին լոբբինգով զբաղվելու համար։ Շտրենցը մի քանի անգամ մեղադրվել է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ, իսկ 2019 թվականի մարտին տուգանվել 20 000 եվրոյով։

Շտրենցի գործով հետաքննության շրջանակներում՝ դատախազության, Քրեական գործերով դաշնային գերատեսչության և Բելգիայի ոստիկանության շուրջ 100 աշխատակիցներ խուզարկություն են իրականացրել 16 հաստատություններում, այդ թվում նաև պատգամավորի Բունդեսթագի գրասենյակում, Բեռլինի նրա անձնական տանը, Բեռլինի, Մակլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա հողի, Բավարիայի և Բելգիայի մի շարք բնակելի հաստատություններում, գործարար և փաստաբանական գրասենյակներում։

Նույն գործով անցնող Էդուարդ Լինտերն էլ, միևնույն նպատակով, Ադրբեջանից ստացել է շուրջ 4 միլիոն եվրո կաշառք։ Լինտերը նախկինում եղել է Ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղարը։ Համաձայն գերմանական դատախազության՝ Լինտերը 2008-2016 թվականներին Ադրբեջանից ստացել է շուրջ 4 միլիոն եվրո կաշառք։ Ընդ որում, նախկին պատգամավորը գումարներն ստացել է բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով, որոնք հաշիվներ են ունեցել Բալթյան երկրների բանկերում։ Ստացված գումարի մեծ մասը, ի նշան երախտագիտության, Լինտերը փոխանցել է ԵԽԽՎ առանձին պատվիրակների, որոնք պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ և դեմ արտահայտվեին երկրում առկա քաղբանտարկյալների ազատ արձակմանը։ Նույն Լինտերը, իր «Line M-Trade» խորհրդատվական ընկերությունում դեռ մի քանի տարի առաջ աշխատանքի է ընդունել Շտրենցին։ Խորհրդատվական ընկերությունն ուղղակիորեն ֆինանսավորվել է Բաքվի կողմից և զբաղվել եվրոպական կառույցներում Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ։

Ադրբեջանից կաշառք ստանալու և այդ երկրի շահերը պաշտպանելու գործով անցնում է ևս մեկ կասկածյալ, որի տվյալները հետաքննական մարմինները դեռ չեն հրապարակում։ Նրան մեղադրում են կեղծ ընկերություն ստեղծելու և իր փաստաբանական գրասենյակի միջոցով բանկային հաշիվներ բացելու մեջ, որոնց միջոցով Ադրբեջանը կարողացել էր գնել ԵԽԽՎ առանձին անդամների։

Մեկ այլ գործով պատգամավորական անձեռնամխելիությունից զրկվել է նաև «Գերմանիայի համար այլընտրանք» աջ պոպուլիստական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Գաուլանդը։ Որոշումն ընդունվել է Մայնի Ֆրանկֆուրտի դատախազության առաջարկությամբ, որը անձեռնամխելիությունից զրկելու դիմումով մտել էր Բունդեսթագ։ Գաուլանդը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ։ Ենթադրվում է, որ քաղաքական գործիչը, մի քանի տարի շարունակ, իր հարկային հայտարարագրերում թաքցրել է եկամուտները։ Այդ նպատակով, դատախազության կարգադրությամբ, Մայնի Ֆրանկֆուրտի և Պոտսդամի նրա տներում անց է կացվել խուզարկություն։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: