ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Գազայում սովից երեխաներ են մահացել

Գազայում սովից երեխաներ են մահացել

Վերջին երկու օրերին Գազայում սովից մահացել է 29 երեխա և տարեց մարդ. հայտնել է Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարը: Նույն ժամանակահատվածում Իսրայելի ռազմական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ։

Գազայում սովամահության դեպքերի մասին հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Իսրայելի կողմից մոտ երեք ամիս շարունակված շրջափակումը մեղմելու և ընդլայնված ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային ճնշումներից հետո այս շաբաթ պաղեստինցիներին սննդի օգնություն է սպասվում։

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի մարդասիրական գործակալության (OCHA) խոսնակ Յենս Լերկեն հայտնել է, որ Գազա մուտք է գործել 200 բեռնատարից մոտ 90-ը։ Դրանք տեղափոխում էին դեղորայք, ցորենի ալյուր և սննդային պարագաներ: Լերկեն նշել է, որ օգնություն բաժանող խմբերը բախվում են լուրջ խոչընդոտների՝ անվտանգության սպառնալիքների, կողոպուտի վտանգի և Իսրայելի իշխանությունների հետ համակարգման խնդիրների պատճառով:

Միևնույն ժամանակ, Պաղեստինի Կարմիր մահիկը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Գազայի պաղեստինցիները դեռևս չեն ստացել սահմանն անցած օգնության բեռները: Նրանք նաև նշել են, որ այդքան սակավաթիվ բեռնատարներ ուղարկելը «սպանության հրավեր» է, քանի որ դա կարող է խմբային անկարգություններ առաջացնել:

  • Կիսվել: