ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազայում ցամաքային ռազմական գործողության դեպքում Իրանը ստիպված կլինի միջամտել․ ԶԼՄ

Գազայում ցամաքային ռազմական գործողության դեպքում Իրանը ստիպված կլինի միջամտել․ ԶԼՄ

Իրանը շաբաթ օրը ուղերձ է փոխանցել Իսրայելին՝ ընդգծելով, որ չի ցանկանում ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմի հետագա սրացում, սակայն ստիպված կլինի միջամտել, եթե Իսրայելի գործողությունը Գազայում շարունակվի. այս մասին Axios-ին հայտնել է իրավիճակին տիրապետող երկու դիվանագիտական աղբյուր:

Axios-ը նկատում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի միջև կռիվը կվերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե Իրանը ներգրավվի ուղղակիորեն կամ անուղղակիորեն, օրինակ՝ Սիրիայում զինված խմբավորման միջոցով կամ աջակցելով լիբանյան «Հըզբոլլահ»-ի ցանկացած որոշմանը՝ ամբողջությամբ միանալու մարտերին:

Իրանի ուղերձն Իսրայելին է փոխանցվել ՄԱԿ-ի միջոցով. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Բեյրութում հանդիպել է Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի բանագնաց Թոր Վենեսլանդի հետ, հայտնում են նույն դիվանագիտական աղբյուրները:

Վեննեսլանդը խրախուսել է Ամիր Աբդոլլահյանին օգնել կանխել Գազայի և Իսրայելի հակամարտությունների տարածումը Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջան:Իրանի արտաքին գործերի նախարարը պատասխանել է, որ Իրանը չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի տարածաշրջանային պատերազմի և ցանկանում է փորձել օգնել Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող խաղաղ բնակիչների ազատ արձակմանը։

Սակայն միևնույն ժամանակ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանն ունի իր կարմիր գծերը։ Նա ասել է, որ եթե Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվի, և հատկապես, եթե Իսրայելը կատարի Գազայի հատվածում ցամաքային հարձակման իր խոստումը, ապա Իրանը, ըստ աղբյուրների, պետք է պատասխան տա:

Վենեսլանդը զանգահարել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբիին և այլ պաշտոնյաների և փոխանցել Իրանի ուղերձը, հայտնում են աղբյուրները։

Վեննեսլանդի գրասենյակը հաստատել է, որ նա շաբաթ օրը հանդիպել է Ամիր Աբդոլլահյանի հետ՝ ասելով, որ իրենք քննարկել են «պատանդներին ազատելու, լարվածության թուլացման և հակամարտությունն ավելի լայն տարածաշրջանում տարածումը կանխելու դիվանագիտական ջանքերը»:Իսրայելի վարչապետի աշխատակազմում հրաժարվել են մեկնաբանություններից: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ևս  չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։

 

Ամիր Աբդոլլահյանը, որն ավելի վաղ հանդիպել էր «Հըզբոլլահը»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի հետ, շաբաթ օրը Բեյրութում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Իսրայելը պետք է «դադարեցնի Գազայում խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցագործությունները, քանի որ մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել»:

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև վերջին մարտերը սկսվել են հոկտեմբերին 7-ին: Զոհվել է ավելի քան 1300 իսրայելցի և 2200 պաղեստինցի։

  • Կիսվել: