կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գազայի հատվածում փախստականների շարասյան գնդակոծության հետևանքով զոհերի թվում կան նաև երեխաներ

Գազայի հատվածում փախստականների շարասյան գնդակոծության հետևանքով զոհերի թվում կան նաև երեխաներ

Գազայի հատվածում փախստականների շարասյան ուղղությամբ ուրբաթ օրը հարված է հասցվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 հոգի, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ որոշ տվյալներով՝ Սալահ-ալ-Դին մայրուղին, որտեղ դա տեղի է ունեցել, իսրայելցի զինվորականների կողմից առաջարկվել է որպես անվտանգ երթուղի։ 

Շաբաթ օրը իսրայելական բանակը հայտարարել է, որ այդ օրվա ժամը 12-16:00-ի սահմաններում պաղեստինցիները կարող են հանգիստ տարհանվել երկու երթուղիներով՝ Դալդուլ և Ալ-Սանա մայրուղիներով՝ չվախենալով գնդակոծությունից: 

Իսրայելական հրամանատարությունը հայտարարել է, որ հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները և վարկած է առաջ քաշել, որ զինյալներն իրենք են փորձում խոչընդոտել խաղաղ բնակիչների տարհանումը, որպեսզի Իսրայելին մեղադրեն մեծ թվով զոհերի համար:

BBC-ի BBC Verify բաժինը վերլուծել է մահվան վայրի տեսանյութը և հայտել, որ մահացածներից մի քանիսը բեռնատարի ուղևորներ են, որոնք մեծապես տուժել են գնդակոծության հետևանքով: Մյուս զոհերը ընկած են ճանապարհի երկայնքով: Զոհվածների թվում կան երեխաներ:

BBC-ն նշում է, որ, դատելով տեսանյութից, կարելի է ենթադրել, որ հարվածը հասցվել է երեկոյան 17:30-ի սահմաններում:

Իր հերթին Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 70 մարդ է զոհվել:

Նշենք, որ ավելի վաղ իսրայելական բանակը Գազայում պաղեստինցիներին կոչ էր արել 24 ժամվա ընթացքում լքել հատվածի հյուսիսային շրջանները:

  • Կիսվել: