հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Էրդողանն անդրադարձել է միջազգային օրակարգի արդիական հարցերի

G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Էրդողանն անդրադարձել է միջազգային օրակարգի արդիական հարցերի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալիում G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում նոյեմբերի 16-ին կարևոր հայտարարություններ է արել միջազգային օրակարգի արդիական թեմաների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը,  Էրդողանը նշել է, որ ուկրաինական գյուղմթերքի արտահանման «հացահատիկային միջանցքով» մինչ օրս 11 մլն տոննա գյուղմթերք է արտահանվել համաշխարհային շուկաներ։

Նրա խոսքով, «հացահատիկային միջանցքի» հարցով շփումները չեն դադարում։

«Այսօրվա դրությամբ, կարծում եմ, որ առաքումները կշարունակվեն։ Ոչ մի խնդիր չկա»,- ասել է նա:

Էրդողանը հայտնել է, որ պարարտանյութերի և ամոնիակի մատակարարման թեմայով զրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մենք նպատակ ունենք «հացահատիկի համաձայնագրի» ժամկետը հասցնել 1 տարվա»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ պարենային և էներգետիկ ճգնաժամը, որը բռնկվել է աշխարհում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների ֆոնին, առնչվում է բոլոր երկրներին:

«Այս ճգնաժամը հարվածում է ոչ թե առանձին շրջաններին, այլ բոլոր պետություններին»,- ընդգծել է նա։

Թուրքիայի նախագահը զգուշացրել է աշխարհից Ռուսաստանի մեկուսացման զանգվածային հետեւանքների մասին։

Ի՞նչ հետեւանքներ կունենա աշխարհից Ռուսաստանի մեկուսացումը հարցին Էրդողանը պատասխանել է.-«Հետեւանքները կլինեն անսահման»։

Այնուհետև Էրդողանը մեկնաբանել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի նավատորմի արդիականացման թեման և ԱՄՆ-ից F16 ինքնաթիռներ գնելու վերաբերյալ քննարկումները։

«Պարոն Բայդենը դրական զարգացումներ է արձանագրել այս հարցում։ Սպիտակ տան ղեկավարը ուշադրություն է հրավիրել հանրապետականների առանձնահատուկ դրական վերաբերմունքի վրա այս (Թուրքիայի հետ պաշտպանական պայմանագրի) նկատմամբ»,- ասել է նախագահը։

Այնուհետև Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) Թյուրքական պետությունների կազմակերպություն որպես դիտորդ երկիր մտնելու հարցը լուծված է։

«Մենք չենք պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել այս հարցում։ Այս հարցը լուծված և փակված է»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: