երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ֆրանսիայում բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը

Ֆրանսիայում բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը

Ֆրանսիական Ռիվիերայում մայիսի 13-ին բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը, որի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է 22 ֆիլմ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Ցուցադրությունը, որը տեղի կունենա մայիսի 13-24-ը, կսկսվի ֆրանսիացի ռեժիսոր Ամելի Բոննի «Մի օր հեռանալ» ֆիլմով։ Բացի այդ, բացման արարողության ժամանակ ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոյին կշնորհվի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ»։

Կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրին, որն այս տարի գլխավորում է ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշը, 22 ֆիլմերից պետք է ընտրի փառատոնի գլխավոր մրցանակի հաղթողին։ Փառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի կազմում էին նաև ռեժիսորներ Հոն Սան Սուն, Կառլոս Ռեյգադասը, Փայալ Կապադիան, Դիեդո Համադին, դերասան Ջերեմի Սթրոնգը, դերասանուհիներ Հոլի Բերին և Ալբա Ռորվախերը և գրող Լեյլա Սլիմանին։

Կաննի 78-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում ներառված են Ուես Անդերսոնի «Փյունիկյան սխեման» նոր ֆիլմը, որի գլխավոր դերերում են Բիլ Մյուրեյը, Բենիսիո դել Տորոն և Մայքլ Սերան, ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյթերի «Նոր ալիքը» ֆիլմը, որը պատմում է Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շունչը» ֆիլմի ստեղծման մասին, ռեժիսոր Արի Ասթերի «Էդդինգթոն» ֆիլմը՝ Հոակին Ֆենիքսի, Պեդրո Պասկալի, Էմմա Սթոունի, Օսթին Բաթլերի, Դիյրդրի Օ'Քոնելի մասնակցությամբ:

«Կաննի պրեմիերա» ծրագրի շրջանակներում կներկայացվեն ռեժիսորներ Կիրիլ Սերեբրեննիկովի, Մայքլ Անջելո Կովինոյի, Ֆաթիհ Աքինի ֆիլմերը։ Այս տարվա «Հատուկ հայացք» ծրագրում են ներառվել ռեժիսորական դեբյուտներ Սքարլեթ Յոհանսոնը («Էլեոնորա Մեծ») և Հարիս Դիքինսոնը («Մոլորյալը»):

Կաննի միջազգային կինոփառատոնը ամենամյա կինոփառատոն է, որն անցկացվում է մայիսին Ֆրանսիայի Կանն զբոսաշրջային քաղաքում։ Փառատոնը սկսել են անցկացնել 1946 թվականից, սակայն այն իր ներկայիս մասշտաբները ձեռք է բերել 1951 թվականից հետո: 1952 թվականից այն անցկացվում է ամեն տարի մայիսին:

 

  • Կիսվել: