Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը. Մակրոն
Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հավատարիմ Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իմ պատմական հանձնառությանը՝ ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը»:
Մակրոնն ընդգծել է, որ այսօրվա առաջնահերթությունը Գազայում պատերազմի անհապաղ դադարեցումն է, բոլոր պատանդների ազատ արձակումը և քաղաքացիական բնակչությանը լայնածավալ մարդասիրական օգնության տրամադրումը։
Նրա խոսքով՝ խաղաղությունը հնարավոր է, բայց պահանջում է քայլեր երկու կողմերից էլ՝ ՀԱՄԱՍ-ի ապառազմականացում, Գազայի անվտանգություն և վերակառուցում, ինչպես նաև կենսունակ պաղեստինյան պետության ստեղծում, որը կճանաչի Իսրայելը և կնպաստի ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը։
«Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մեր ուժերից է բխում՝ իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցել, որ դա հնարավոր է»,-ասել է Մակրոնը:
Նա նաև հայտարարել է, որ նամակ է ուղարկել Պաղեստինի ինքնավարության նախագահին՝ վերահաստատելով այդ ուղղությամբ առաջ շարժվելու իր վճռականությունը։


