Ֆրանսիան և Բրիտանիան Հորմուզի նեղուցում նավագնացության հարցով համաժողով կանցկացնեն
Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը կկազմակերպեն միջազգային համաժողով, որտեղ նախատեսում են քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման հարցը՝ առանց Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին մասնակցելու։ Այս մասին X-ում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
«Առաջիկա օրերին մենք Միացյալ Թագավորության հետ համատեղ կկազմակերպենք համաժողով՝ այն երկրների մասնակցությամբ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին իրենց ներդրումն ունենալ բազմազգ խաղաղ առաքելության մեջ, որի նպատակն է վերականգնել նավագնացության ազատությունը նեղուցում։ Այս խիստ պաշտպանական առաքելությունը, որը կապված չէ պատերազմող կողմերի հետ, կծավալվի հենց որ իրավիճակը թույլ տա»,- գրել է նա:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է դիվանագիտական ճանապարհով հակամարտության շուտափույթ, կայուն և երկարաժամկետ կարգավորման հասնելու անհրաժեշտության մասին։
Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է գտնել այնպիսի հարցերի երկարաժամկետ լուծում, ինչպիսիք են Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը, ինչպես նաև նրա ապակայունացնող գործունեությունը տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, Մակրոնը նշել է, որ բացի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումից, անհրաժեշտ է հասնել նաև Լիբանանի վերադարձին խաղաղության ուղի՝ նրա ինքնիշխանության լիակատար հարգմամբ՝ հայտնելով Ֆրանսիայի պատրաստակամությունը ներդրում ունենալ այդ գործընթացում։


