Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խստորեն դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումները Իսրայելի վրա՝ կոչ անելով բոլոր կողմերին ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։
Այս մասին նա գրել է X-ում։
«Ես խստորեն դատապարտում եմ երեկ Իրանի հրթիռային հարձակումները Իսրայելի վրա: Նման գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը և լարվածությունը մեծացնում առանց այն էլ խիստ անկայուն միջավայրում»,- գրել է նա:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև կոչ է արել հրադադար հաստատել Լիբանանում և Գազայում և ազատ արձակել բոլոր պատանդներին։