կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ջեյմս Օ՛Բրայանը Բաքվում կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության աջակցման հետ կապված հարցեր

Ջեյմս Օ՛Բրայանը Բաքվում կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության աջակցման հետ կապված հարցեր

Միացյալ Նահանգների պետքարտուղարության հաղորդմամբ՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ կունենա երկրի պաշտոնական շրջանակների հետ՝ «երկկողմանի հարաբերությւոնների ամրապնդման» և «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության աջակցման» հետ կապված հարցեր քննարկելու համար:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը վերջերս արձագանքել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օբրայանի հայտարարություններին՝ դրանք որակելով կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի ու հրաժարվել նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում անցկացնելուց:

Դրա հետ մեկտեղ, օրերս ավելի քան մեկ տարվա դադարից հետո Ադրբեջան է ժամանել Բաքվում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին։

 

Վերջինս երկարամյա փորձառություն ունեցող ամերիկացի դիվանագետ է, ով Բրյուսելում աշխատելու տարիներին զբաղեցրել է Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնականի պաշտոնը, ինչպես նաև եղել գործերի ժամանակավոր հավատարմատար: Բացի այդ, հանդիսացել է խորհրդական Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում և բարձր պաշտոններ զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարության համակարգում։ Ադրբեջանում իր նշանակումն առաջին է դեսպանի պաշտոնում։

  • Կիսվել: