Եվրոպան զիջել է պաղեստինյան ահաբեկչությանը. Նեթանյահու
Եվրոպան չի մասնակցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ծրագրի մշակմանը, քանի որ «զիջել է պաղեստինյան ահաբեկչությանը և ռադիկալ իսլամիստական փոքրամասնություններին, հետևաբար՝ Եվրոպան, ըստ էության, արդեն կորցրել է իր նշանակությունը՝ ցույց տալով մեծ թուլություն»: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ քննադատելով Եվրոպայի դիրքորոշումը Գազայի պատերազմի հարցում, ինչպես նաև Եվրամիության՝ հրադադարի պայմանագրի մշակման գործընթացից գործնականում դուրս մնալը:
Նա հավելել է, որ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է ստանձնել նախաձեռնությունը խաղաղության ծրագրի մշակման գործում։
Նեթանյահուն քննադատել է նաև ԵՄ անդամ 27 երկրներից 15-ի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ նշելով, որ դա «պարգև» էր իսլամիստներին։
Ըստ նրա՝ այդ որոշումը «ծանր հարված է» ոչ միայն Իսրայելին, այլև ամբողջ Մերձավոր Արևելքին։
«Պատկերացրեք, եթե սեպտեմբերի 11-ից հետո մարդիկ ասեին՝ եկեք պետություն տանք Ուսամա բեն Լադենին ու Ալ Քաիդային, ընդ որում՝ Նյու Յորքից ընդամենը մեկ մղոն հեռավորության վրա…»,-ասել է Նեթանյահուն և համոզմունք հայտնել, որ նման որոշումը խաղաղության չի հանգեցնի։
Իսրայելի վարչապետը նաև հույս է հայտնել, որ Պաղեստինի պետականություն ճանաչած եվրոպական երկրները «կվերանայեն» իրենց դիրքորոշումը։
«Մենք կցանկանայինք ոչ միայն ունենալ լավ հարաբերություններ Եվրոպայի հետ, այլ լավ հարաբերություններ իրատեսական Եվրոպայի հետ, որը կնպաստի իրական խաղաղությանը, ոչ թե սարսափելի պատերազմի կրկնությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ մշտական կապի մեջ է եվրոպական կառավարությունների հետ և հույս ունի, որ «Եվրոպան կփոխի իր կուրսը, կվերանայի իրավիճակը՝ ոչ միայն հանուն Իսրայելի, այլ նաև հանուն իր սեփական շահերի»։


