շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրախորհրդարանը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները

Եվրախորհրդարանը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքները

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ կապված հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Ըստ նամակի՝ առաջին փուլը լավ կազմակերպված և մրցունակ էր՝ չնայած հասարակության բևեռացմանը և բարդ համաճարակային իրավիճակին, գրում է jnews.ge-ն:

Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ ընտրական միջավայրը հավասար պայմաններ չի ապահովում մրցակից կուսակցությունների և թեկնածուների համար, և շեշտը տեղական խնդիրներից տեղափոխվել է ազգայինի:

Եվրախորհրդարանի պատգամավորները ընդունում են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալները, ըստ որոնց «Վրացական երազանք»-ի թեկնածուները հավաքել են ձայների ավելի քան 46%-ը և հաղթահարել 43%-ոց ընտրաշեմը, որը սահմանված էր ապրիլի 19-ի Շառլ Միշելի պայմանագրով:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվել են զգալիորեն բարելավված օրենսդրական դաշտի շրջանակներում, ընտրողները տարբեր քաղաքական ուժերի միջև իրական ընտրություն ունեին, ընտրություններն ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին, և թեկնածուներն ազատ էին քարոզչություն իրականացնելու համար: Ընտրությունների օրն առանձնանում էր իր թափանցիկությամբ, չնայած որոշ ընթացակարգային խնդիրների:

Միևնույն ժամանակ, եվրապատգամավորները նշում են, որ նախընտրական արշավը բնութագրվում էր քաղաքական ուժերի և լրատվամիջոցների կտրուկ բևեռացմամբ, որը երբեմն ուղեկցվում էր նույնիսկ բանավոր և ֆիզիկական առճակատմամբ:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև հայտարարել են, որ վարչական ռեսուրսի օգտագործումը պետք է մանրազնին հետաքննվի, և թեկնածուների, ընտրողների և լրագրողների ընտրակաշառքների և ահաբեկման վերաբերյալ լայնածավալ մեղադրանքները պետք է հետաքննվեն:

  • Կիսվել: