երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եվրահանձնաժողովը Հունգարիայից բացատրություն կպահանջի ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների վիզայի ռեժիմի պարզեցման վերաբերյալ

Եվրահանձնաժողովը Հունգարիայից բացատրություն կպահանջի ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների վիզայի ռեժիմի պարզեցման վերաբերյալ

Եվրահանձնաժողովը Բուդապեշտից կխնդրի մանրամասն տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես է Հունգարիան փոխում վիզային ռեժիմը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը, տեղեկացնում է «Европейская правда»-ն:

Նշվում է, որ նրան խնդրել են մեկնաբանել հաղորդագրությունը, որ Շենգենյան գոտու անդամ Հունգարիան մեղմացրել է վիզային ռեժիմը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։

Անիտա Հիպերը պատասխանել է, որ Եվրահանձնաժողովը կապվելու է Հունգարիայի իշխանությունների հետ՝ պարզելու համար Բուդապեշտի որոշման հստակ մասշտաբները և եվրոպական կանոններին դրա համապատասխանությունը։

«Ռուսաստանն անվտանգության սպառնալիք է ԵՄ-ի համար։ Անդամ երկրների և ԵՄ մակարդակով բոլոր գործիքները պետք է ապահովեն Եվրամիության անվտանգությունը և հաշվի առնեն Շենգենյան գոտու անվտանգությունն ամբողջությամբ»,-ասել է Հիպերը։

Նա հավելել է, որ Հունգարիան, երրորդ երկրների քաղաքացիներին թույլ տալով մուտք գործել, պարտավոր է ապահովել, որ Շենգենյան տարածք մուտք գործելու բոլոր պահանջները պահպանվեն:

«Դա վերաբերում է ոչ միայն վիզաների կամ ներկայիս կացության թույլտվությունների առկայությանը, այլև Շենգենյան գոտու տվյալների բազայում կարմիր ցուցակներում դրանց բացակայությանը»,- նշել է խոսնակը։

  • Կիսվել: