կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Էրդողանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում իր ու Թրամփի հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ

Էրդողանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում իր ու Թրամփի հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ

Առաջին իսկ հնարավորության դեպքում դեմ առ դեմ կհանդիպենք Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա,  մասնավորապես, նշել է. «Մեր հեռախոսազրույցը շատ ջերմ, արդյունավետ և բարեկամական էր: Մենք շատ թեմաներ ունենք քննարկելու և շատ քայլեր անելու։ Այդ պատճառով մեր նախարարությունները շարունակում են աշխատանքը՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացքը ձևավորող հանդիպման նախապատրաստման համար։ Դրա շրջանակում քննարկվում է նաև ժամկետը»:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Էրդողանը հունիսին կարող է այցով մեկնել ԱՄՆ։ Բացի այդ, լուրեր կային, որ Թրամփը մայիսին կարող է Թուրքիա այցելել։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ Էրդողանը հույս է հայտնել, որ ժամանակավոր հրադադարը դուռ կբացի դեպի մշտական ​​խաղաղություն։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարող է ավարտվել արդար և երկարատև խաղաղությամբ։ Ամենաշատը կորցրել են Ռուսաստանն ու Ուկրաինան։ Արդար խաղաղությունը երբեք պարտվողներ չի ունենում»,-ասել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: