Էրդողանը արաբական երկրների ղեկավարների հետ քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 11-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում հանդիպել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ, գրում է ermenihaber.am-ը:
Էրդողանը Ռիյադ էր այցելել՝ մասնակցելու այնտեղ գումարվելիք «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» համատեղ հրատապ գագաթնաժողովին:
Նշվում է, որ երկկողմ հանդիպման օրակարգում եղել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում էլ Էրդողանն ընդգծել է Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների թիրախավորման անընդունելիությունը:
Նա նաև շեշտել է, որ իսլամական երկրները խաղաղություն հաստատելու համար պիտի միասնական քայլեր ձեռնարկեն:
Էրդողանը նաև հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Կողմերի քննարկումների գլխավոր թեման եղել է Գազայում տիրող իրավիճակը: Այս անգամ Էրդողանը շեշտել է Իսրայելին դատապարտելու անհրաժեշտությունը՝ միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների խախտման տեսանկյունից:
Թուրքիայի նախագահը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ համագործակցելու մարդասիրական օգնություն Գազա ուղարկելու առումով:
Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանի և Էրդողանի միջև: Ինչպես նախորդ հանդիպումների ընթացքում, այնպես էլ այս հանդիպմանը ևս օրակարգում եղել Գազայի շուրջ տիրող իրավիճակը:
Էրդողանը, նշելով, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները ցեղասպանական են, շեշտել է հարձակումներին և ցեղասպանությանը վերջ տալու, ինչպես նաև հրադադար հաստատելու անհրաժեշտությունը: Քննարկվել են այդ համատեքստում կատարվելիք քայլերը:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են ռազմական բախումների և շարունակվում են մինչ օրս, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակմամբ: