Էրդողանն ու Զելենսկին քննարկել են քառակողմ հանդիպում կազմակերպելու հեռանկարը
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հնարավոր երկրորդ փուլին ընդառաջ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ զրույցը բովանդակալից է եղել:
«Շնորհակալություն հայտնեցի Անկարային՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու համար»,- հայտնել է Զելենսկին:
Նա տեղեկացրել է, որ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել են Ստամբուլում Կիևի և Մոսկվայի թիմերի՝ մայիսի 16-ի հանդիպումը, գերիների փոխանակման հարցը, հրադադարի հասնելու կարևորությունը, ինչպես նաև Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով քառակողմ հանդիպում կազմակերպելու հեռանկարը։
Էրդողանը ևս հայտարարել է, որ հրադադարը մեծ քայլ կլինի խաղաղության ճանապարհին, նրա համոզմամբ՝ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումն էլ կարող է արդյունավետ լինել: