երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԵՄ-ն դիտարկում է Հունգարիայի դեմ կոշտ միջոցները՝ Ուկրաինայի աջակցությունն արգելակելու պատճառով. Bloomberg

ԵՄ-ն դիտարկում է Հունգարիայի դեմ կոշտ միջոցները՝ Ուկրաինայի աջակցությունն արգելակելու պատճառով. Bloomberg

ԵՄ ղեկավարները պատրաստ են կոշտը դիրքորոշում ցուցաբերել Հունգարիային, եթե վարչապետ Վիկտոր Օրբանը շարունակի արգելակել Ուկրաինային 50 մլրդ եվրո օգնության փաթեթի տրամադրումը փետրվարի 1-ի գագաթաժողովում։ Այս մասին Bloomberg-ին պատմել են աղբյուրները։

Գործակալությունը նշել է, որ երկուշաբթի Հունգարիան դեմ է հանդես եկել նոր ֆոնդի ստեղծման ԵՄ առաջարկին, որը Ուկրաինայի կրիտիկականորեն կարեւոր ռազմական օգնության առաքման ավելի հուսալի միջոց է ապահովելու։

Առաջարկն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսին Օրբանը արգելակել էր Ուկրաինայի օգնության քառամյա ֆինանսական փաթեթը։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ԵՄ անդամ պետությունները պատրաստ են ընդունել Ուկրաինայի օգնության փաթեթը Բրյուսելում փետրվարի 1-ին կայանալիք գագաթաժողովում, անկախ այն բանից, թե կաջակցի արդյոք դրան Հունգարիան։

Եթե Օրբանը շարունակի խոչընդոտել աջակցության փաթեթին, կլինի ԵՄ մնացած 26 երկրների որոշումը՝ ընդունել այն, եւ այդ սցենարն արդեն նախապատրաստվում է լրիվ ընթացքով, ավելացրել են եվրոպացի պաշտոնյաները։

Հնարավոր պահեստային տարբերակն այն է, որ ԵՄ մյուս անդամ պետությունները փող տրամադրեն Ուկրաինային՝ անկախ ԵՄ բյուջետային պրոցեսից։

Աղբյուրներն ընդգծել են, որ եթե Օրբանը որոշի գնալ այդ ճանապարհով, ԵՄ-ն կգործադրի տուգանային միջոցների հաջորդ փուլը Հունգարիայի դեմ, ինչը կարող է հանգեցնել ձայնի իրավունքի զրկման՝ որպես անդամ երկրի։

Միեւնույն ժամանակ, գործակալությունը նշել է, որ այդ սցենարը կարող է հանգեցնել ավելի լայն առճակատման, քանի որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կպաշտպանի Հունգարիային այն քայլերից, որոնք կուղղվեն  ԵՄ-ում նրան ձայնից զրկելուն։

ԵՄ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել երկուշաբթի Բրյուսելում, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Ֆեյսբուքում հրապարակված տեսաուղերձում հայտնել էր, որ իր երկիրը չի աջակցում ֆինանսավորման ներկա մեխանիզմի վերանայմանը, որը հայտնի է որպես Խաղաղության եվրոպական ֆոնդ, որի շրջանակում անդամ պետությունները փոխհատուցում են ստանում այն զենքի համար, որն ուղարկում են Ուկրաինա։

Սիյարտոն հայտնել է, որ ֆինանսավորման հարցը քննարկվելու է ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ հունվարի 29-ին կայանալիք հանդիպման ժամանակ։ Բուդապեշտը արգելքը հանելու հնարավորությունը կքննարկի այն դեպքում, եթե Ուկրաինան «երաշխիքներ» տրամադրի, որ հունգարական ընկերությունները չեն ավելացվի միջազգային պատերազմը հովանավորողների ցուցակում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: