ԵՄ դեսպանին հարկավոր է «արտաքսել» Վրաստանից. Կախա Կալաձե
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ, իր կարծիքով, ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին պետք է «արտաքսվի» Վրաստանից, և դա իր «մոտեցումն ու ցանկությունն» է, գրում է aliq.ge-ն:
Եվ եթե դա իրենից կախված լիներ, «իհարկե` ես նրան կարտաքսեի», լրագրողներին ասել է Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով՝ «երկրում տեղի ունեցող ցանկացած դժբախտություն, ամեն ինչ գալիս է արևմտյան բյուրոկրատիայից»։
Ի դեպ, մի քանի օր առաջ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին «Ինտերպրեսնյուզ» լրատվամիջոցին ասել էր, որ ճգնաժամը լուծելու և ԵՄ ուղուն վերադառնալու միակ ճանապարհը բռնաճնշումների դադարեցումն է, անարդարացիորեն կալանավորվածների ազատ արձակումը, բռնաճնշողական օրենքների չեղարկումը և բաց երկխոսությունը։


