Եգիպտոսը հրատապ բանակցություններ է վարում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Գազայում լարվածությունը թուլացնելու համար
Եգիպտոսը ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Իսրայելի, ԱՄՆ-ի և պաղեստինյան խմբավորումների հետ՝ լարվածությունը թուլացնելու համար, որը ծագել էր ուրբաթ գիշեր Գազայի հատվածի շուրջ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները «լայնածավալ բանակցություններ են վարում իսրայելական կողմի, ԱՄՆ-ի և պաղեստինյան որոշ խմբավորումների հետ՝ հնարավորինս արագ հանգստությունը վերականգնելու համար»։
Մինչ այս Կահիրեն Իսրայելից պահանջել էր չհարվածել Գազայի հատվածի բնակելի թաղամասերին ու խաղաղ բնակիչներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Եգիպտոսի անվտանգության ուժերը կապ են հաստատել իսրայելական կողմի հետ պաղեստինյան անկլավի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո։ Իսրայելական կողմն իր հերթին Եգիպտոսին ասել է, որ ներկայիս հակամարտության սրումը կախված է պաղեստինյան խմբավորումների գործողություններից։
Նախկինում Եգիպտոսը բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Գազայի շուրջ սուր իրավիճակների լուծման գործում, երբ պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերն անցել են ուղղակի զինված առճակատման։ Մինչ այժմ Եգիպտոսը, որը դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ և կապ է պահպանում Եգիպտոսին սահմանակից հատվածում գործող խմբավորումների հետ, կարողացել է կողմերին գոնե ժամանակավոր փոխզիջումային լուծումներ տանել։ Այս մերձեցման գործում հիմնական միջնորդ դերը միշտ մնացել է Եգիպտոսի արտաքին հետախուզության աշխատակիցներին։