հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եգիպտոսը դեմ է պաղեստինցիների՝ Գազայից Սինայի թերակղզի տեղափոխմանը

Եգիպտոսը դեմ է պաղեստինցիների՝ Գազայից Սինայի թերակղզի տեղափոխմանը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսը դեմ է պաղեստինցիների վերաբնակեցմանը Գազայի հատվածից Սինայի թերակղզում: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Հաղորդվում է, որ շաբաթ օրը Եգիպտոսն ու Իսրայելը պայմանավորվել են բացել Ռաֆահի սահմանային անցակետը, որպեսզի ԱՄՆ քաղաքացիները լքեն Գազայի հատվածը: Դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել Գազայի մյուս բնակիչներին Եգիպտոս մուտք գործելու թույլտվության վերաբերյալ։

Հինգշաբթի օրը Սիսին ասել է, որ պաղեստինցիները պետք է դիմադրեն իրենց տարածքը լքելու ստիպողական փորձերին: Նա նշել է, որ Պաղեստինի հարցը թանկ է բոլոր արաբների համար, և որ պաղեստինցիները պետք է ամուր մնան իրենց հողի վրա։

Այս շաբաթվա սկզբին իսրայելական բանակի խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը կոչ էր արել Գազայի պաղեստինցիներին լքել հատվածը և մեկնել Եգիպտոս: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Իսրայելը «պաշտոնապես կոչ չի արել» Գազայի բնակիչներին լքել գոտին:

Եգիպտոսի խորհրդարանի անդամ Մուստաֆա Բաքրին շաբաթ օրը սաուդյան Al Arabiya հեռուստաալիքին ասել է, որ Եգիպտոսը «նախազգուշացրել է Իսրայելին և միջազգային այլ կողմերին, որ պայքարելու է Սինայի թերակղզում պաղեստինցիներին վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեմ»։ Նա հայտարարեց Եգիպտոսի տարածքը որպես պաղեստինյան նոր հայրենիքի մաս օգտագործելու տասնամյակների վաղեմություն ունեցող ծրագրի մասին: Փարիզի համալսարանի քաղաքագետ Խաթթար Աբու Դիաբը «Ամերիկայի ձայնին» ասել է, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը պնդում էր, թե Իսրայելը, իբր, պլանավորում է վերաբնակեցնել պաղեստինցիներին Սինայում՝ Եգիպտոսի պարտքի մի մասը ներելու դիմաց, որն այժմ գնահատվում է մոտ 170 մլրդ դոլար:

Վերլուծաբան Սաիդ Սադեկն ասում է, որ Եգիպտոսը «չի ցանկանում մեծ թվով պաղեստինցիներ տեսնել Սինայում, քանի որ դա կարող է հանգեցնել անկայունության հիմնական զբոսաշրջային գոտում, հատկապես, եթե նրանք սկսեն հրթիռակոծել Իսրայելը Եգիպտոսի տարածքից»: Սադեկը նաև նշել է, որ Եգիպտոսում մեծ թվով պաղեստինցիների առկայությունը «կարող է անհանգստություն առաջացնել Իսրայելի հետ խաղաղության կողմնակից եգիպտացիների և հրեական պետության դեմ կռվել ցանկացողների միջև»:

Եգիպտական լրատվամիջոցները հաղորդում են իսրայելական զորքերի կողմից Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանի շրջանում պարբերաբար հարվածների մասին, ինչի հետևանքով Ռաֆահ սահմանային անցակետով երթևեկությունը դադարեցվել է։ Եգիպտոսը կոչ է արել այն երկրներին, որոնք ցանկանում են մարդասիրական պաշարներ ուղարկել Գազա, դրանք փոխանցել մոտակա Էլ-Արիշ օդանավակայան, որպեսզի անցակետը վերաբացելուց հետո դրանք կարողանան բեռնատարով ուղարկել սահման:

2008 թվականին Գազայում իսրայելական ռազմական գործողության ժամանակ պաղեստինցիները բուլդոզերով քանդեցին Եգիպտոսի և Գազայի սահմանի մի մասը, և հարյուրավոր պաղեստինցիներ տեղափոխվեցին հյուսիսային Սինայի թերակղզի: Սահմանի խախտումը Եգիպտոսում մշտական մտահոգություն է առաջացրել, որ Գազայի պաղեստինցիները կփորձեն գրավել Եգիպտոսի որոշ տարածքներ և մնալ այնտեղ:

Արաբական տարբեր առաջնորդներ, այդ թվում՝ Ռամալլահում գտնվող Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մոհամմադ Շտայեն, Գազայում գտնվող պաղեստինցիներին կոչ են արել չլքել տարածքը:

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին նույնպես շաբաթ օրը Ամմանում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ իր երկիրը թույլ չի տա պաղեստինցիներին հեռանալ Հորդանան։ Նա ասել է, որ Աբդալլահ Երկրորդ թագավորն ասել է, որ պաղեստինցիների կողմից իրենց հայրենիքի լքումը «կարմիր գիծ» է, որը ինքը չի ընդունի: Սաֆադին նաև զգուշացրել է, որ այն, ինչ կատարվում է Գազայում, «վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»։

  • Կիսվել: