Դոնեցկն ու Լուգանսկը և Ուկրաինայի ԶՈւ-ն միմյանց մեղադրել են փոխհրաձգությունների և Դոնբասում հակամարտության սրման մեջ
Այսօր Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները և Ուկրաինայի զինված ուժերը միմյանց մեղադրել են փոխհրաձգությունների և Դոնբասում հակամարտության սրման մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ, ըստ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ուկրաինական ուժերը կրակ են բացել Լուգանսկի 5 բնակավայրի ուղղությամբ։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը ևս հաստատել է, որ ուկրաինացի զինվորականներն այսօր մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։
Երկու հանրապետություններից էլ նշել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են բնակավայրերը ականանետների միջոցով։ Ըստ Դոնեցկի ժողովրդական միլիցիայի՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար իրենք ստիպված են եղել պատասխան կրակ բացել։
Ուկրաինան իր հերթին հայտարարել է, որ հակառակորդը Դոնբասի մի քանի բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել, որի հետևանքով վիրավորվել է մեկ ուկրաինացի զինծառայող և երկու խաղաղ բնակիչ։
Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ ինքնահռչակ հանրապետությունների տարածքից արձակված արկը հարվածել է Ստանիցա Լուգանսկայայի շրջանի մանկապարտեզի շենքին։ Երեք խաղաղ բնակիչ կոնտուզիա է ստացել, իսկ բնակավայրի կեսը մնացել է առանց էլեկտրականության։
Կրեմլից արձագանքել են միջադեպին՝ նշելով, որ Դոնբասի շփման գծում ՛՛սադրիչ գործողություններ՛՛ են տեղի ունեցել Կիևի կողմից: