երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանին հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե նման զենք չի հատկացրել․ «Հետք»

Ադրբեջանին հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե նման զենք չի հատկացրել․ «Հետք»

2017-2018 թթ. փաստաթղթերով դեպի Իսրայել, իսկ իրականում դեպի Ադրբեջան հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե ինքն Ադրբեջանին նման զենք չի հատկացրել: Փաստացի գործել է զենքի տեղափոխման Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան երթուղին, ու հիմա, ինչպես նախկինում, պաշտոնական Բրատիսլավան հայտարարում է, թե զենքը նախատեսված է եղել բացառապես Իսրայելի համար, չնայած որ այն վաղուց Ադրբեջանում է, ավելին՝ Ադրբեջանն այդ հրետանային միջոցները կիրառել է, մասնավորապես, իր իսկ սանձազերծած 44-օրյա պատերազմում: Գրում է «Հետքը»։

Ինչպես լրագրողները փաստի առաջ կանգնեցրին Սլովակիայի իշխանություններին

Սլովակիայից Իսրայելի միջոցով զենք արտահանելու կեղտոտ գործարքի վրա լույս սփռեցին չեխ հեռուստալրագրողները, որոնք 2017-2018 թթ. հեռարձակված մի քանի հաղորդումներով ցույց տվեցին, թե ինչպես է Սլովակիայի «MSM» ընկերությունը, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի «Czechoslovak Group»-ին, Ադրբեջան արտահանել 122 մմ տրամաչափի «RM-70» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ, խորհրդային/ռուսական «Գրադի» նմանակն է) եւ 152 մմ տրամաչափի «Dana» ինքնագնաց հաուբիցներ, որոնք օգտագործված են եղել: Այս գործարքին անդրադարձել էր նաեւ Սլովակիայի «Dennik N» պարբերականը: Չեխ եւ սլովակ լրագրողները ներկայացրել էին նաեւ Սլովիակիայում ՀՀ այն ժամանակվա (2012-2018 թթ.) դեսպան Տիգրան Սեյրանյանի քննադատությունը պաշտոնական Բրատիսլավայի հասցեին:

«RM-70» ՀԿՌՀ-ների ու «Dana» հաուբիցների արտադրությունն սկսվել է դեռ 1970-80-ական թթ., երբ գոյություն ուներ միասնական Չեխոսլովակիան: Երկու զինատեսակներն էլ թողարկվում էին Սլովակիայի Դուբնիցա նադ Վահոմ քաղաքում: «Dennik N»-ը նշում է, որ Յարոսլավ Ստրնադի ընկերություններն այս զինատեսակները ձեռք էին բերել նախկին Վարշավյան պայմանագրի պետությունների բանակների ավելցուկներից: Դրանք հետագայում վերանորոգվել են, արդիականացվել, փորձարկվել ու գտել նոր հաճախորդներ, որոնք պատրաստ էին վճարել:

Զենքի առեւտրի ուսումնասիրության մեջ մասնագիտացած Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտն (SIPRI) իր վիճակագրության մեջ նշել է, որ 30 հատ «RM-70»-ների պատվերն Ադրբեջանը հավանաբար տվել է 2016-ին, իսկ առաքումը կատարվել է 2017-2018 թթ.: Սակայն որպես առաքող երկիր «SIPRI»-ն նշում է Չեխիան՝ հավելելով, որ տեխնիկան եղել է օգտագործված, բայց առաքումից առաջ վերանորոգվել է, իսկ արտահանումը կատարվել է Սլովակիայի ու Իսրայելի միջոցով: Իսկ ահա 36 հատ «Dana» հաուբիցների պատվերը, ըստ շվեդական ինստիտուտի, ադրբեջանցիները տվել են հավանաբար 2012-ին, մատակարարումները կատարվել են 2017-2018 թթ.: Առաքող երկիրը եղել է Սլովակիան, տեխնիկան եղել է օգտագործված, սակայն վերանորոգվել է մինչեւ առաքումը: 

«Մենք բազմիցս կրկնել ենք, որ մեր ընկերությունը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան եւ խստորեն հարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրենսդրությունը: Մեր հաճախորդը «Elbit Systems»-ն է եւ վերջնական օգտագործողը՝ Իսրայելի Պետությունը»,- հայտարարել էր «MSM»-ի մամուլի քարտուղարը: Դեսպան Սեյրանյանն իր հերթին նշել էր, որ եթե «ամեն ինչ մաքուր է թղթի վրա», դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: «Միայն միամիտ մարդը կարող է կարծել, թե «Czechoslovak Group»-ը չգիտեր, որ ՀԿՌՀ-ներն ու հաուբիցներն արտահանվում են Ադրբեջան»,- ասել էր նա:

Չեխ ու սլովակ լրագրողներն էլ Բրատիսլավայի օդանավակայանում ֆիքսել էին Ստրնադի ձեռնարկության վերանորոգած, արդիականացրած զինտեխնիկան:

Չեխ լրագրողները 2018-ի հունիսին, հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայտնել էին, որ Ադրբեջանի բանակը մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում արդեն փորձարկել է Սլովակիայից ստացված «Dana» հաուբիցները: Իսկ ահա օրեր անց՝ հունիսի 26-ին, դրանք ցուցադրվեցին Բաքվում անցկացված ռազմական շքերթում (տես գլխավոր լուսանկարում):

Չնայած չեխ լրագրողները դեռ 2017 թ. սեպտեմբերին էին հայտարարել դեպի Ադրբեջան զենքի արտահանման մասին, Սլովակիայի էկոնոմիկայի այն ժամանակվա (2016-2020 թթ.) նախարար Պետեր Ժիգան (Peter Žiga) լրագրողական բացահայտումների ճնշման տակ միայն 2018 թ. ապրիլին էր դիմել իր երկրի անվտանգության մարմիններին, որպեսզի կասկածները ստուգվեն: Միեւնույն ժամանակ, նա հայտարարել էր, թե կասկած չունի, որ զենքերը գտնվում են Իսրայելում: Իսրայելի պաշտպանության նախարարությունն, ըստ Ժիգայի, գրավոր կերպով հաստատել էր, որ զենքն Իսրայելից չի արտահանվի: «Հակառակ դեպքում, մենք պետք է Իսրայելին կասկածի տակ դնենք որպես վստահելի երկիր եւ ստիպված կլինենք պատժամիջոցներ սահմանել»,- ասել էր Պ. Ժիգան:

«Մենք՝ որպես վարչական մարմին, չենք կարող գործել միայն կասկածների հիման վրա: Մենք պետք է ստուգենք բոլոր փաստերը եւ հավաքենք դատական առումով ընդունելի բավականաչափ ապացույցներ, որպեսզի կարողանանք որոշակի որոշում կայացնել»,- նշել էր Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը: Իր հերթին «Dennik N»-ը նկատել էր, որ այդ հետաքննությունն այլեւս չի կարող վտանգ ներկայացնել Յարոսլավ Ստրնադի՝ «դեպի Իսրայել» արտահանումների համար, քանի որ չեխ գործարարի ընկերությունները մինչեւ 2018 թ. հունիսի 28-ն արտահանման արտոնագիր ունեին ու, ամենայն հավանականությամբ, կարողացել են մինչ այդ օրն արտահանել պայմանագրային ապրանքն ամբողջ ծավալով: Ընդ որում՝ այդ օրվանից հետո նրանք դեպի Իսրայել արտահանումների նոր արտոնագիր չէին ուզել էկոնոմիկայի նախարարությունից:

«Եթե «MSM» ընկերությունը նման լիցենզիա խնդրի, ապա մենք ԱԳՆ-ի հետ խորհրդակցելուց հետո դա չենք տրամադրի մինչեւ Ադրբեջանին զենքի հնարավոր վերաարտահանման մասին տեղեկատվության ստուգման ավարտը»,- հայտնել էին Ժիգայի ղեկավարած էկոնոմիկայի նախարարությունից:

2018-ի հուլիսին, երբ հայտարարված հետաքննությունն իբր ընթացքի մեջ էր, «Dennik N»-ը գրել էր. «Եթե պետությունը խոստովանի, որ զենքերն Ադրբեջանում են, դա անուղղակի կերպով կհաստատի, որ մեր անվտանգության ծառայությունները ձախողել են: Էկոնոմիկայի նախարարությունը կարող է արտահանման լիցենզիա տրամադրել միայն այն դեպքում, երբ ստանա մի շարք հաստատությունների, այդ թվում՝ Սլովակիայի տեղեկատվական ծառայության կամ ազգային անվտանգության գրասենյակի համաձայնությունը»:

Ըստ էության, Սլովակիայի ԱԳՆ-ն կանխատեսել էր կամ գուցե հստակ գիտեր, թե ինչպիսի ավարտ պիտի ունենա այդ պատմությունը, դրա համար էլ նախօրոք անցել էր ինքնապաշտպանության. «Եթե հետաքննության ավարտից հետո պարզվի, որ սպառազինությունն արտահանվել է հայտարարված երկրի (Իսրայելի - «Հետք») սահմաններից դուրս, ապա դա տեղի է ունեցել առանց Սլովակիայի Հանրապետության իմացության: Այդ դեպքում մենք միջոցներ կձեռնարկենք՝ ապագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ»:

Ի՞նչ տեղի ունեցավ հետո

Վերը հիշատակվածը (զենքի առաքումներ, բացահայտումներ, պարզաբանումներ) տեղի էր ունեցել 2017-2018 թթ. ընթացքում: Այդ ընթացքում՝ սկսած 2018-ի փետրվարից, Սլովակիան քաղաքական վայրիվերումների մեջ էր:

Ամեն ինչ սկսվել էր 2018-ի փետրվարի 21-ին, երբ իրենց տանը սպանվեցին սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակը եւ նրա նշանածը: Կուցիակը հայտնի էր իր երկրում կազմակերպված հանցավորության մասին հրապարակումներով, որոնցում անդրադառնում էր նաեւ այն ժամանակվա (2012-2018 թթ.) գործող վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կուսակցությանը՝ «Smer»-ին առնչվող դեպքերին: Կուցիակի սպանությունը քաղաքական ու հասարակարական մեծ ռեզոնանս առաջացրեց երկրում, ցույցերի դուրս եկած հազարավոր սլովակներ սկսեցին պահանջել Ֆիցոյի կառավարության հրաժարականը: Ժողովրդական ճնշման տակ վարչապետը հրաժարական տվեց, սակայն նրան այդ պաշտոնում փոխարինեց տեղակալն ու կուսակիցը՝ Պետեր Պելեգրինին (Սլովակիան, ինչպես Հայաստանը, խորհրդարանական երկիր է, երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է): Նկատենք, որ «Smer»-ի անդամ էր նաեւ էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգան:

2020 թ. կայացած խորհրդարանական ընտրություններում «Smer»-ը պարտվեց ու 2006-ից ի վեր առաջին անգամ դարձավ ընդդիմություն: Դրանից հետո Պելեգրինին իր համախոհների հետ, որոնց թվում էր նաեւ Պ. Ժիգան, դուրս եկավ «Smer»-ից՝ հիմնելով նոր կուսակցություն՝ «Hlas»-ը: 2023 թ. կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, սակայն, «Smer»-ը, «Hlas»-ն ու աջ ծայրահեղական, ազգայնական «SNS»-ը կոալիցիա ձեւավորեցին: Այսպիսով՝ Ֆիցոն եւ նախկին գործընկերները Սլովակիայում նորից իրենց ձեռքը վերցրին իշխանական լծակները:

Ինչ վերաբերում է Պետեր Ժիգային, որը 2012-2016 թթ. Սլովակիայի շրջակա միջավայրի նախարարն էր, իսկ 2016-2020 թթ.՝ էկոնոմիկայի նախարարը, ապա 2020-ի քաղաքական փոփոխություններից հետո նախկին իշխանության բազմաթիվ պաշտոնյաների շարքում նրա հանդեպ եւս քրեական հետապնդում սկսվեց կոռուպցիոն մեղադրանքներով, չնայած հարկ է նկատել, որ դեռ շրջակա միջավայրի նախարար աշխատելիս էր Ժիգան իր փայտամշակող խոշոր ընկերության հետ հայտնվել լրագրողների եւ իրավապահների ուշադրության կենտրոնում:

Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է արդարանալու փորձերը

Վերադառնանք ժամանակին Պետեր Ժիգայի ղեկավարած ԷՆ-ի կողմից «MSM»-ին դեպի Իսրայել (իրականում՝ Ադրբեջան) զենք արտահանելու թույլտվությանը:

Յան Կուցիակի անվան հետաքննական կենտրոնի (Investigative center of Jan Kuciak) իր գործընկեր լրագրողների միջոցով «Հետքը» որոշ մանրամասներ է պարզել 2017-2018 թթ. դեպի Ադրբեջան հրետանու առաքումների մասին: Մեր գործընկերներին խնդրել էինք հետարքրքվել, թե ինչ ընթացքում է ԷՆ-ի կողմից ժամանակին հայտարարված հետաքննությունը, ինչ է պարզվել դրա արդյունքում: Կուցիակի անվան կենտրոնը հարցեր է ուղարկել ԷՆ, որի պատասխանները, ինչպես եւ սպասվում էր, խուսափողական են:

-Տեղեկություններ ունե՞ք «Dana»-ի, «RM-70»-ի կամ ցանկացած այլ զենքի՝ Սլովակիայից Ադրբեջան արտահանման մասին:

-Սլովիակիայի էկոնոմիկայի նախարարությունը վերջին 10 տարում չի տրամարդել արտահանման լիցենզիա՝ «Dana» հաուբիցներ եւ «RM-70» համակարգեր դեպի Ադրբեջան արտահանելու համար:

-Տեղեկություններ ունե՞ք, թե արդյոք նախարար Ժիգան խնդրել է հատուկ ծառայություններին ստուգել այդ ինֆորմացիան, եւ ո՞ր ծառայությունների մասին է խոսքը:  

-Սլովակիայի տեղեկատվական ծառայությանը (սա հետախուզական եւ հակահետախուզական գործունեություն ծավալող պետական մարմին է - «Հետք») եւ ՊՆ-ին խնդրել են ստուգել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը դեպի Իսրայել, ինչի մասին հայտնել են լրատվամիջոցները: Երկուսն էլ հաստատել են, որ Իսրայել են արտահանվել միայն «Dana» հաուբիցներ եւ «RM-70» համակարգեր՝ ԷՆ-ի կողմից տրված արտահանման լիցենզիային համապատասխան:

-Տեղեկություններ ունե՞ք, թե ինչպես է ընթացել այդ ստուգումը, այն ինչ-որ եզրակացության կամ գործողությունների հանգեցրե՞լ է:

-Միջնորդավորված տեղեկատվությունը, որը վերաբերել է «Dana» հաուբիցների եւ «RM-70» ռեակտիվ համակարգերի արտահանմանը, որը կատարվել է գործող լիցենզիային համապատասխան, հետաքրքրել է ոչ միայն Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությանը, այլեւ տեղեկատվական ծառայությանը, ՊՆ-ին եւ արտաքին եւ եվրոպական գործերի նախարարությանը:

Արտահանման վերոնշյալ լիցենզիան սլովակական տնտեսվարող սուբյեկտին տրամադրվել է այն բանից հետո, երբ Իսրայելի ՊՆ-ն գրավոր պարտավորվել է, որ ինքը հետագայում չի արտահանելու (վերաարտահանելու) պաշտպանական արդյունաբերության այդ արտադրանքը Իսրայելից: Դրա վերաբերյալ Սլովակիայի ԷՆ-ն ունի Իսրայելի ՊՆ-ի գրավոր պարտավորությունը, որում նշված են բոլոր մանրամասները, ինչպես պահանջում է գործող օրենսդրությունը: Միեւնույն ժամանակ մինչեւ արտահանման լիցենզիայի տրամադրումը, ինչպես նաեւ դրա գործողության ընթացքում Սլովակիայի ՆԳՆ-ն, ՊՆ-ն, արտաքին եւ եվրոպական գործերի նախարարությունը, ազգային անվտանգության գրասենյակը, տեղեկատվական ծառայությունը, ինչպես նաեւ ֆինանսների նախարարության ֆինանսական տնօրինության քրեական գրասենյակը ոչ մեկ անգամ արտահայտել են իրենց կարծիքն այս տնտեսական գործարքի վերաբերյալ: Նշված հաստատություններից ոչ մեկը չի առարկել արտահանման լիցենզիա տրամադրելու կամ դրա գործողության ժամկետը երկարացնելու դեմ, ինչը նշանակում է, որ հիշատակվածներից ոչ մի ատյան տվյալ բիզնես գործարքը չի գնահատել որպես ռիսկային: Բացի դրանից՝ ԷՆ-ն արտահանողին պարտավորեցրել է ներկայացնել, այսպես կոչված, առաքման հաստատման սերտիֆիկատը՝ հասցեատեր երկրի պետական մարմնի կողմից տրված գրավոր փաստաթուղթ այն մասին, որ ապրանքները պատշաճ կերպով առաքվել են Իսրայելի Պետություն: Պահանջված փաստաթուղթը ԷՆ-ին ներկայացվել է 2018 թ. հոկտեմբերի 24-ին: Փաստաթղթի իսկությունը ստուգվել է դիվանագիտական խողովակներով՝ արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության միջոցով, եւ հաստատվել է գրավոր կերպով:

ԷՆ-ն խստորեն հետեւում է միջազգային իրավունքից բխող պարտավորություններին եւ չի թույլատրել զենքի արտահանում էմբարգոյի տակ գտնվող երկրներ (նույնիսկ Ադրբեջան): Նույնկերպ նախարարությունը կատարել է բոլոր իրավական պարտավորությունները եւ դեպի Իսրայել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման լիցենզիա է տվել՝ այդ ապրանքները չվերաարտահանվելու պայմանով։ Ինչպես արդեն նշվեց, ԷՆ-ն այս առումով ունի Իսրայելի ՊՆ-ի գրավոր պարտավորությունը, որում նշված են գործող օրենսդրությամբ պահանջվող բոլոր մանրամասները, եւ դրա իսկությունը ստուգվել է մինչեւ արտահանման լիցենզիայի տրամադրումը:

-Տեղեկություններ ունե՞ք, թե, բացի 2018 թ. միջնորդավորված մատակարարումներից, Սլովակիայից դեպի Ադրբեջան ինչ այլ զենք կամ սպառազինություն է արտահանվել:

-Ինչպես արդեն նշվեց վերեւում, Սլովակիայի ԷՆ-ն վերջին 10 տարում դեպի Ադրբեջան զենքի կամ սպառազինության արտահանման որեւէ լիցենզիա չի տրամադրել: Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի՝ վիճակագրորեն արտահայտված ամբողջ արտահանումը դեպի Ադրբեջան բացառապես «Božena» ականազերծման համակարգի ու դրա պահեստամասերի արտահանումն է մարդասիրական նպատակներով։  

-Տեղեկություններ ունե՞ք այն մասին, թե արդյոք Սլովակիայից զենքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում վերջին տարիների ռազմական գործողությունների ժամանակ, վերջին անգամ՝ այս տարի: Օրինակ՝ «Dana» հաուբիցները կամ «RM-70» ռեակտիվ համակարգերը:

-Սլովակիայի ԷՆ-ն չունի իրավական հնարավորություններ եւ իրավասություններ՝ իրատեսորեն ստուգելու այն փաստը, թե արդյոք վերջին տարիներին Սլովակիայից զենքը միջամտել է Լեռնային Ղարաբաղի համար մղվող մարտերին։ Սակայն, ինչպես երեւում է վերը նշված ինֆորմացիայից, Սլովակիայի ԷՆ-ն վերջին 10 տարում չի տրամադրել դեպի Ադրբեջան զենքի արտահանման որեւէ լիցենզիա, ինչը նշանակում է, որ Սլովակիան ակնհայտորեն չի եղել այդ ժամանակահատվածում դեպի Ադրբեջան որեւէ սպառազինություն արտահանող երկիր։

Սլովակիայի ԷՆ-ն հետեւողականորեն պահպանում է Սլովակիայի բոլոր միջազգային պարտավորությունները զենքի առեւտրի ոլորտում, ինչի մասին է վկայում այն ​​փաստը, որ Զենքի առեւտրի մասին պայմանագրի մասնակիցների համաժողովում 2017 թվականից ի վեր Սլովակիան բազմիցս ընդգրկվել է ամենաթափանցիկ երկրների շարքում, մինչդեռ պետք է նշել, որ այս պայմանագիրը ստորագրվել է 130 երկրների կողմից եւ վավերացվել 87-ի կողմից։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

  • Կիսվել: