ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի մարզաճամբարին
Իսրայելական զորքերը Լիբանանի հարավում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ» շիական կազմակերպության մարզաճամբարին։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես՝ ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում ասված է. «Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հարձակվել է վարժական եւ կրթական համալիրի վրա, որն օգտագործվում էր «Հեզբոլլահի» «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի կողմից՝ մարտիկներին մարզելու համար»:
Նշվում է նաև, որ համալիրն օգտագործվել է կրակոցների եւ տարբեր զենքերի օգտագործման վարժանքների համար՝ «ՑԱԽԱԼ-ի զինվորների եւ իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու եւ իրականացնելու» համար։
Բացի այդ, իսրայելական զինվորականները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» այլ թիրախների հարավային Լիբանանի մի քանի շրջաններում։
Դեկտեմբերի 9-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը նաեւ մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող շիական կազմակերպության ռազմական թիրախներին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Լիբանանը եւ Իսրայելը բանակցություններ են վարել, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է «Հեզբոլլահի» զինաթափման հարցը։


