ՑԱԽԱԼ-ը հարվածել է «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանում գտնվող օբյեկտներին
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հարձակվել է շիական «Հեզբոլլահ» շարժման՝ Լիբանանի հարավում գտնվող օբյեկտների վրա, տեղեկանում ենք ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
«ՑԱԽԱԼ-ը հարվածել է Լիբանանի Նաբաթիա շրջանում գտնվող` «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտներին։ «Հեզբոլլահը» շարունակում է Լիբանանի ողջ տարածքում ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման փորձերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ «Հեզբոլլահի» օբյեկտների առկայությունը և Լիբանանում նրա գործունեությունը ՑԱԽԱԼ-ը համարում է իսրայելալիբանանյան պայմանավորվածությունների խախտում:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ, չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը՝ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել երկրի ինքնիշխանությունը:
Նշենք, որ Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող 5 ռազմավարական կետերում, այդ թվում՝ Գաջար գյուղի հյուսիսում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:


