Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթեցումն ահաբեկչություն է. ՌԴ ՔԿ
Բրյանսկի և Կուրսկի մարզերում տեղի են ունեցել կամուրջների պայթեցումներ, որոնց հետևանքով մարդիկ են տուժել և մահացել, դրանք ահաբեկչություններ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Նա, մասնավորապես, նշել է. «2025-ի մայիսի 31-ին՝ ժամը 22:50-ին, Բրյանսկի մարզում գտնվող Վիգոնիչի- Պիլշինո երկաթուղային հատվածում պայթյունի հետևանքով փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, որի բեկորներն ընկել են դրա տակ անցնող մարդատար գնացքի վրա։ Պատահարի հետևանքով մարդիկ են տուժել և մահացել»։
Ըստ Պետրենկոյի՝ Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում հունիսի 1-ին գիշերվա ժամը 3-ի շրջանում «նույնպես տեղի է ունեցել երկաթուղային կամրջի պայթեցում, ինչի հետևանքով անցնող երկաթուղային շարժակազմն ընկել է ավտոմոբիլային ճանապարհի վրա»: Կատարվածի հետևանքով տուժել են մեքենավարն ու նրա երկու օգնականները։
Պետրենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանձնարարությամբ Բրյանսկի և Կուրսկի մարզերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործերը փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն:
Կիրակի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամրջի փլուզում է տեղի ունեցել: Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները փլուզվել են ավտոմոբիլային կամրջի կամարների փլուզման պատճառով՝ տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության հետևանքով: Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազն ավելի վաղ հայտնել էր կամրջի պայթեցման մասին, որի հետևանքով յոթ մարդ էր զոհվել:
Կուրսկի մարզի Օստապովո–Միխայլովսկի Ռուդնիկ միակողմանի երկաթուղային հատվածում տեղի է ունեցել բեռնատար գնացքի դիզելային լոկոմոտիվի և երեք դատարկ վագոնների վթար՝ կամրջի կամարների փլուզման հետևանքով։ Վթարի արդյունքում լոկոմոտիվի մեքենավարը ստացել է ոտքի վնասվածք, այլ տուժածներ չկան։ Դեպքը չի ազդել հեռավոր երթուղիներով գնացքների երթևեկության վրա։