հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները վիրտուալ գագաթնաժողովում քննարկել են իսրայելապաղեստինյան պատերազմը

ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները վիրտուալ գագաթնաժողովում քննարկել են իսրայելապաղեստինյան պատերազմը

ԲՐԻԿՍ-ի երկրների առաջնորդները մասնակցում են Մերձավոր Արևելքում պատերազմին նվիրված վիրտուալ գագաթնաժողովին, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Ինչպես հաղորդվում է՝ Հարավային Աֆրիկայի կողմից հրավիրված հանդիպմանը մասնակցում են նաև Սաուդյան Արաբիան, Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք դաշինքին կմիանան 2024 թվականի հունվարին։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և «ցեղասպանության» մեջ՝ ասելով, որ հանդիպումը պետք է «ազդանշան լինի մեզ համար՝ միավորելու ուժերը և ակտիվացնելու գործողությունները՝ վերջ տալու այս պատմական անարդարությանը»:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել միջազգային խաղաղության համաժողով կազմակերպել և ասել, որ կայուն խաղաղությունն անհնար է «առանց Պաղեստինի հարցի արդարացի լուծման»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հակամարտությունը քաղաքական լուծում տալ, որին դաշինքը կարող է մասնակցել և օգնել դրան հասնելու համար:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը կոչ է արել երկրներին դադարեցնել զենքի արտահանումը Իսրայել։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը խստորեն դատապարտել է խաղաղ բնակիչների մահը և ասել է, որ Պաղեստինի ժողովրդի խնդիրները պետք է լուծվեն «լուրջ ձևով»:

Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան:

  • Կիսվել: