Բոլիվիայի իշխանությունները մոլեգնող անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն են հայտարարել
Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է երկրում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն մտցնելու մասին, հայտնում է Reuters-ը։
Բոլիվիայի պաշտպանության նախարար Էդմունդո Նովիլոն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ արտակարգ դրությունը երկրին թույլ կտա արագ համակարգել միջազգային աջակցությունը։
«Սա մեզ թույլ կտա ավելի արագ և արդյունավետ աջակցություն ստանալ բարեկամ երկրներից և միջազգային համագործակցությունից», - ասել է Նովիլոն:
Հրդեհների մոնիտորինգով զբաղվող բրազիլական Inpe տիեզերական հետազոտությունների գործակալության տվյալներով, Բոլիվիայում 2010 թվականից ի վեր ամենաշատ անտառային հրդեհներն են տեղի ունեցել․ այս տարի այրվել է առնվազն 3 միլիոն հեկտար:
Բրազիլիայում խոշոր հրդեհներ են եղել նաև քաղաքներում, իսկ Ամազոնի արևադարձային անտառներում ռեկորդային երաշտի հետևանքով վերջին երկու տասնամյակի ընթացքում ամենասաստիկ հրդեհային իրավիճակն է ստեղծվել: