չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բողոքի ակցիաներ Վրաստանի տարբեր քաղաքներում. ոստիկանների ու ցուցարարնեի միջև բախումներ են տեղի ունենում

Բողոքի ակցիաներ Վրաստանի տարբեր քաղաքներում. ոստիկանների ու ցուցարարնեի միջև բախումներ են տեղի ունենում

Վրաստանում ցույցերի ութերորդ օրն է: Ցուցարարները բողոքում են ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը օրակարգից հանելու՝ իշխանությունների որոշման դեմ, տեղեկացնում է Interpressnews-ը։

Նշվում է, որ Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացված բողոքի ցույցի ժամանակ աղմուկ և ընդհարում է եղել:

Հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկը վատացել է, ինչին հետևել է հավաքվածների և իրավապահների դիմակայությունը, հայտնում է Interpressnews-ը։

Ինչպես հայտնել է ցուցարարներից մեկը, մարդկանցից մեկը կորցրել է գիտակցությունը։ «Նրանք ընկել են 14-ամյա երեխայի հետևից։ Նա չինչ չէր արել, 20 հոգի խեղդում էին նրան, երեխան գիտակցությունը կորցրեց»,- պատմել է ցուցարարը։

Ինչ վերաբերում է Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցին, ապա այստեղ ակցիան լարված է անցնում․ ցուցարարները պիրոտեխնիկա են օգտագործում հատուկջոկատայինների դեմ:

Հաղորդվում է, որ Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է ևս 5 մարդու՝ խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու կամ դրան մասնակցելու մեղադրանքով: Ձերբակալվածները 24-49 տարեկան են, նրանց թվում՝ մեկ օտարերկրացի, որոնց սպառնում է մինչև 9 տարի ազատազրկում։ 

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։

  • Կիսվել: