ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բնապահպանական աղետ Ադրբեջանում․ Կուր գետը չորանում է

Բնապահպանական աղետ Ադրբեջանում․ Կուր գետը չորանում է

Կովկասի ամենամեծ գետը՝ Կուրը հայտնվել է բնապահպանական աղետի մեջ։ Ադրբեջանի տարածքում Կասպից ծովի ջրերը ծածկել են գետահովիտը և շարունակում են շարժվել այդ գետահունով։ Ծովի ջուրը շուրջ 60 կիլոմետր խառնվել է գետաջրերին և հասել մինչև Նևֆթչալայի շրջանի Աշաղը Սուրա գյուղ։ Սա նշանակում է, որ այն առնվազն 60 կիլոմետրով հետ է մղել գետի ջրերին։ Այս բնապահպանական աղետի պատճառով Նեֆթչալա քաղաքում և հարակից գյուղերում առաջացել է խմելու ջրի խնդիր, գրում է «Հետքը»։

Խմելու ջուրը ջրատարներով Նեֆթչալայի շրջան է հասցվում Սալյանի շրջանից։ Շրջանի տարածքում Կուր գետի ջրերը դարձել են այնքան աղի, որ պիտանի չեն խոշոր եղջերավոր կենդանիների ջրման և դաշտերի ոռոգման համար։ Գետը պղտորվել է, ընդ որում այնքան, որ նման բան չի հիշում շրջանի տարեց բնակչությունը։ Բացի այդ, գետի հունի խորացման աշխատանքներն են նաև պատճառ դարձել, որ ծովի ջուրը լցվի գետը։

 

Բնապահպանական աղետը վերացնելու համար՝ Նեֆթչալայի շրջանի գործադիր իշխանության կազմում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը զբաղվելու է բնակչության խմելու և տեխնիկական ջրի ապահովման վերականգնմամբ։ Ջրի պակասից ամենաշատը տուժել են խոշոր և մանր եղջերավոր անասունները։ Բնակիչները նշում են, որ շրջանի որոշ հատվածներում գրանցվել է անասունների անկում։

Կուր գետի սնումը խառն է․ 36 %-ը ձնային, 30 %-ը՝ ստորգետնյա, 20 %-ը՝ անձրևային և 14 %-ը՝ սառցադաշտային։ Գետն սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում՝  Կարսի նահանգում։ Վրաստանի տարածքով այն հոսում է դեպի Ադրբեջան, որտեղ թափվում է Կասպից ծովը։ Գետի ընդհանուր երկարությունը 1515 կիլոմետր է։ Սաբիրաբադ քաղաքի մոտ Կուրը խառնվում է Արաքսի հետ։ Վերջին տարիներին, գլոբալ տաքացման և ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման պատճառով, իրավիճակը դարձել է այնպիսին, որ Ադրբեջանի տարածքում Կուր գետի ջրերը կրճատվել են 25 %-ով, իսկ Արաքսի ջրերը՝ 60 %-ով։

 

 

Ադրբեջանցի բնապահպանները նշում են, որ Շիրվանի ՀԷԿ-ը ևս պատճառներից մեկն է, որն ազդում է Կուր գետի ջրերի մակարդակի վրա։ Վերջինս խոշոր ջրաէլեկտրակայան է և ռազմավարական կարևոր նշանակություն ունի երկրի համար, ուստի Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել դրա աշխատանքները։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռամիզ Մամեդովը, որն աշխատանքային այցով գտնվել է Նեֆթչալայի և Սաբիրաբադի շրջաններում, «Հաքքին.ազ»-ին ասել է․ «Որոշ հատվածներում գետի հունի կուտակումնային ափերն ամբողջությամբ ջրազրկվել են, առաջացել են ծանծաղուտներ։ Գետի հունի ցամաքային մասերի ընդլայնման գործընթացը նկատվում է Սաբիրաբադի շրջանում, ինչպես նաև Արաքս գետի հունում»։ 

Գիտնականները պարզել են, որ եթե նախկինում Խիլի գյուղի և Սալյան քաղաքի միջև գետի լայնությունը կազմում էր 100-150 մետր, ապա ներկայումս, ջրի մակարդակի նվազման պատճառով, որոշ հատվածներում այն հասել է 4-5 մետրի։ Հունի ողջ երկայնքով ձևավորվել են երկարավուն կղզյակներ։

  • Կիսվել: