երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականների խմելու ջուր են հասցրել

Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականների խմելու ջուր են հասցրել

Ռուս զինծառայողները, շարունակելով իրենց խաղաղապահ առաքելությունը Արցախում, առաջին անգամ մարդասիրական ակցիա են անցկացրել` տեղի 300 դպրոցականներին խմելու ջրով ապահովելու համար: Ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

Ըստ հաղորդագրության՝ բարերարների խնդրանքով նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռազմական տրանսպորտով Հայաստանից բեռը հասցրել են Արցախ:

«Այսօր մենք պլաստմասե տարաներով հումանիտար գույք ենք բեռնել` ապահովելով դպրոցների, հեռավոր բնակավայրերի մանկատների անխափան ջրամատակարարումը: Այս բեռը երեկ առաքվեց, այսօր արդեն որոշված են այն հաստատությունները, ուր մենք տեղափոխելու ենք: Այսօր այդ տարաները կբաժանվեն, կլցվեն և միացված կլինեն պոմպային համակարգին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշեն բնակավայրերի դպրոցներին խմելու ջուր կուտակելու համար հանձնել են 3 և 5 տոննա տարողությամբ տարաներ: Տեղադրվելուց հետո դրանք անմիջապես լցվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ ջրատարների օգնությամբ:

«Մեր դպրոցը ծանր վիճակում է, սեպտեմբերի 1-ից և ամռանը մենք ջուր չունեինք և դա շատ դժվար է: Աշակերտները ստիպված են իրենց հետ ջրի շշեր վերցնել: Մենք նման վիճակ երբեք չենք ունեցել, այս տարի ենք հայտնվել նման բարդ իրավիճակում: Մենք շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին մեզ օգնելու համար: Հիմա նրանք տեղադրել են 5 տոննա տարողունակությամբ ջրի մեծ բաք, սա փրկություն է: Մենք կկարողանանք երեխաներին, ուսուցիչներին և աշխատողներին ապահովել խմելու ջրով: Շատ շնորհակալություն ռուս խաղաղապահներին, ռուսական փառահեղ բանակին, որ Արցախում ամենուր օգնում են ինչպես դպրոցներին, այնպես էլ գյուղերի և քաղաքների խաղաղ բնակիչներին: Սա առաջին անգամը չէ, ես դա տեսել եմ քաղաքում, և մենք բոլորս գիտենք, որ խաղաղապահներն օգնում են Արցախի ժողովրդին, շատ շնորհակալ ենք»,-ասել է Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Մկրտիչանը:

«Այսօր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ միասին մենք իրականացրինք մեր առաջին գործողությունը, այն է՝ խմելու ջրի համար նախատեսված տարաների առաքումը Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի դպրոցներին: Իհարկե, սա չափազանց կարևոր է, քանի որ առանց ջրի կյանք չկա, մենք բոլորս գիտենք, որ կա այնպիսի իրավիճակ, որ երեխաները դպրոցում ընդհանրապես ջուր չունեն: Հետևաբար, մենք չափազանց կարևոր և առաջնային խնդիր ենք համարում հարցի վեր հանումը մեր համար և այն լուծել: Ես իսկապես հույս ունեմ, որ այս աջակցություններն անվերջ կլինեն, իսկ ջրի տարաների մասով մենք արդեն գնել ենք 21-ը և առաջիկա օրերին կաշխատենք ամեն ինչ անել դրանք տեղադրելու ուղղությամբ: Բայց մեր գործողությունները հաստատ սրանով չեն ավարտվի, մենք այժմ մշակում ենք գործողությունների ծրագիր: Իրականում հնարավոր չէ գերագնահատել խաղաղապահ ուժերի դերը, այդ համատեղ համակարգումը թույլ է տալիս ընդլայնել մեր գործողությունները և դրանց արդյունավետությունը: Կոնկրետ այս դեպքում խաղաղապահ ուժերը մեզ առաջին հերթին օգնեցին առաքել այդ տարաները, ինչի արդյունքում, անկեղծ ասած, մեզ թույլ տվեց խնայել հսկայական գումարներ: Այստեղ էլ խաղաղապահները տրամադրում իրենց ուժերը, որպեսզի հասցնեն ու տեղադրեն տարաները և ջուր հասցնեն այնտեց: Իհարկե, սա հսկայական աջակցություն է»,- ասում է Բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Միքայել Բադոլյանը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, ընդհանուր առմամբ խմելու ջրի պահեստավորման 14 տարա կփոխանցվի Արցախի մանկապարտեզներին և դպրոցներին, որոնց մի մասը գտնվում են շփման գծի մոտ:

Ավելի վաղ խաղաղապահ զորախմբի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ջրատարներով ավելի քան 30 երթ էին իրականացրել` Ստեփանակերտի 1,5 հազար բնակչի հասցնելով 200 տոննայից ավելի խմելու ջուր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: