Բլինքենը խորը մտահոգություն է հայտնել պաղեստինցիների և իսրայելցիների միջև աճող լարվածության առնչությամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Հորդանան գետի Արևմտյան ափին լարվածության թուլացման ուղղությամբ: Այս մասին հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
Նա նշել է, որ Բլինքենը խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ներառյալ՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև աճող լարվածությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական բանակը և ոստիկանությունն ապրիլի 10-ից շարունակում են ամենօրյա գործողություններն ու շուրջկալները Հորդանանի Արևմտյան ափին՝ ի պատասխան Իսրայելի քաղաքներում իրականացված մի շարք ահաբեկչությունների, որոնց հետևանքով սպանվել է 20 մարդ:



