հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բեռլինում պաղեստինամետ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, 65 ոստիկան վիրավորվել է

Բեռլինում պաղեստինամետ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, 65 ոստիկան վիրավորվել է

Բեռլինում չարտոնված պաղեստինամետ ցույց է տեղի ունեցել հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան։ Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել, առնվազն 174 մարդ ձերբակալվել է, 65 ոստիկան՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության խոսնակին։

Գերմանիայի իշխանություններն արգելել են նմանատիպ ցույցերը, որոնք կազմակերպվում են՝ ի պատասխան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության։

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, քանի որ ցուցարարները չեն ենթարկվել ցրվելու հրահանգներին։ Ըստ իրավապահների՝ ակցիայի որոշ մասնակիցներ հրավառ նյութեր են օգտագործել, այրել են արգելապատնեշներ և ոստիկանների վրա են նետել քարեր և շշեր։ Միջադեպի ընթացքում մի քանի մեքենաներ են այրվել։ Ոստիկանությունը ջրանետ մեքենաներ է գործի դրել։

Բացի Բեռլինից, պաղեստինամետ ցույցեր են տեղի ունեցել նաև գերմանական այլ քաղաքներում։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին։

Հակամարտության սրացումից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, Գազայի հատվածում շուրջ 3500 մարդ է զոհվել, Հորդանան գետի արևմտյան ափին՝ 62։ Վիրավորների թիվը շուրջ 13 000 է։

Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։

  • Կիսվել: