Բեռլինում պաղեստինամետ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել
Բեռլինում պաղեստինամետ ցուցարարներն ակցիա են անցկացրել, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահների հետ։ Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Պաղեստինամետ երկու ակցիաների ժամանակ իշխանության ներկայացուցիչները յոթ տուգանք են գրել ատելություն, վիրավորանք և դիմադրություն հրահրելու համար։ Ոստիկաններից մեկը գլխի թեթև վնասվածք է ստացել, սակայն մնացել է ծառայության վայրում: Չորս մարդ բերման է ենթարկվել։
Նշվում է, որ ըստ Welt հեռուստաալիքի՝ ցուցարարները տոնել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա։
Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։
Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա Թեհրանի պատասխանն ավելի անողոք կլինի։ Իրանը նաև ցանկացած երրորդ կողմի նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը։