Բելգորոդի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ ՔԿ-ն ահաբեկչության մասին գործ է հարուցել
Երեքշաբթի երեկոյան Նովի Օսկոլ քաղաքային շրջանում էլեկտրաքարշը և մի քանի դատարկ բեռնատար վագոններ դուրս են եկել ռելսերից, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը իր տելեգրամյան ալիքում։ Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան։
Գնացքը ռելսերից դուրս է եկել Վոլոկոնովկա-Նովի Օսկոլ տեղամասում։ Այս հատվածով անցնող մարդատար գնացքներն ուղարկվել են շրջանցիկ ճանապարհով, իսկ մի քանի էլեկտրագնացքների շարժումը չեղարկվել է։
«Ռուսական երկաթուղիներ» կազմակերպությունը հայտարարել է, որ միջադեպի պատճառը «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին անօրինական միջամտությունն է»։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առիթով:
Ուժայիններին մոտ գտնվող Baza telegram ալիքը, աղբյուրների հղումով, գրում է, որ Բատայսկից Ստարի Օսկոլ մեկնող գնացքն անցել է երկաթգծերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի վրայով։ Ալիքի տվյալներով, դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք զննում են երկաթուղային գծերը։