Բայդենն ու Թրամփը մտադիր են Գազայի հատվածում պատանդների հարցը լուծել մինչև հունվարի 20-ը. Axios
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր են համագործակցել՝ մինչև հունվարի 20-ը Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման հասնելու համար։ Դրա մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Բայդենը Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպում է անցկացրել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող ամերիկացիների հարազատների հետ։ Նախագահն ընտանիքներին հայտնել է, որ ինքը և Թրամփը մտադիր են ապահովել պատանդների ազատ արձակումը մինչև հունվարի 20-ը, երբ տեղի կունենա երկրի ընտրված ղեկավարի երդմնակալությունը։
Պորտալի տվյալներով՝ Բայդենը Թրամփի հետ երկժամյա զրույցի ընթացքում խնդրել է միավորել ուժերը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելու համար պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի մասին։ Նշվում է, որ Բայդենը ցանկանում է օգտագործել իր նախագահական ժամկետի մնացած երկու ամիսը՝ Գազայի հատվածում բանակցությունների «ձգձգվող փակուղուց» դուրս գալու համար։ Թրամփը, հավանաբար, ցանկանում է երդմնակալության օրը դիմավորել աշխարհում ավելի քիչ ճգնաժամերով, կարծում է պորտալը։ Ըստ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի՝ Սպիտակ տունը «ազդանշան է ուղարկել» Թրամփի թիմին, որ պատրաստ է միասին աշխատել Գազայից պատանդներին ազատելու հարցում։