ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրանք քննարկել են իրադրությունը Ավստրալիայի կողմից ֆրանսիական կողմի հետ ունեցած ռազմական համաձայնագրի խզումից և Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունից հետո ստեղծված նոր իրադրությունը, տեղեկացնում են Ելիսեյան պալատից:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից, մասնավորապես, հայտնել են. ՛՛Տեղի է ունեցել երկու նախագահների հեռախոսազրույցը: Առաջիկայում կհրապարակվի համատեղ ֆրանս-ամերիկյան հայտարարությունը՛՛:

Նշենք, որ Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով:

Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է ՛՛հարված թիկունքից՛՛: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է ՛՛օպորտունիզմի դրսևորում՛՛:

  • Կիսվել: