չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բայդենի վարչակազմը հավանություն է տվել ՌԴ-ի սառեցված ակտիվների բռնագրավման օրենքին

Բայդենի վարչակազմը հավանություն է տվել ՌԴ-ի սառեցված ակտիվների բռնագրավման օրենքին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տալիս այն օրենքին, որը թույլ կտա բռնագրավել Արևմուտքում սառեցված մոտ 300 միլիարդ դոլար գումարի ռուսական ակտիվները, տեղեկացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի փաստաթուղթը։

Ինչպես հաղորդվում է՝ միջոցները նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի վերականգնման համար։ Փաստաթղթում, որն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն ուղարկել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, ասված է, որ վարչակազմը սկզբունքորեն ողջունում է օրինագիծը, որը թույլ կտա բռնագրավել Ռուսաստանի ֆինանսական միջոցները։ «Օրինագիծն ԱՄՆ գործադիր իշխանությանը կտրամադրի անհրաժեշտ լիազորություններ՝ բռնագրավելու Ռուսաստանի ակտիվները հօգուտ Ուկրաինայի», - մեջբերում է գործակալությունը մի հատված այդ փաստաթղթից։

Ըստ Bloomberg-ի՝ Բայդենը որոշել է հավանություն տալ նման քայլին այն բանից հետո, երբ Կոնգրեսում հանրապետականներն արգելափակել են Կիևի օգնության նոր փաթեթը։

Հավելենք, որ ավելի վաղ Washington Post թերթի մեկնաբան Ջոշ Ռոգինը նշել էր, որ վարչակազմը չի կարող իրականացնել Կիևի համար ՌԴ-ի Դաշնության սառեցված ակտիվների բռնագրավման և օգտագործման պլանն առանց եվրոպական երկրների համաձայնության, իսկ նրանցից ոմանք այժմ կասկածի տակ են դնում այդ քայլի նպատակահարմարությունը։

  • Կիսվել: