Բախումներ ոստիկանության և քրդամետ ցուցարարների միջև՝ Թուրքիայի և Սիրիայի սահմանին
Թուրքիայի և Սիրիայի սահմանին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և քրդամետ ցուցարարների միջև, որոնք զայրացած են սիրիական բանակի կողմից քրդերի դեմ հարձակումից, տեղեկացնում է AFP-ն։
Նշվում է, որ բռնություններ են տեղի ունեցել սահմանամերձ Նուսայբին քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքի մոտ, Թուրքիայի երրորդ խոշորագույն կուսակցության՝ քրդամետ Դեմոկրատական կուսակցության կողմից կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ։
Մասնավորապես՝ ավելի քան 1000 ցուցարարներ երթով շարժվել են դեպի սահման, որն ավարտվել է ոստիկանության հետ բախումով։ Իրավապահները նրանց ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Ինչպես նշվում է՝ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ սիրիական ուժերը մոտ երկու շաբաթ առաջ հարձակում են սկսել, որի արդյունքում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) դուրս են մղվել Հալեպից։
AFP-ի թղթակիցը հաղորդել է, որ թուրքական սահմանին բողոքի ցույցի մասնակիցներից մի քանիսը քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ոմանք էլ փորձել են անցնել Սիրիա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան զգուշացրել էր, որ Թուրքիան չի հանդուրժի «սադրանքները»։
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գովաբանել է սիրիական բանակին քրդերի կողմից վերահսկվող տարածքները գրավելու «զգուշավոր» հարձակման համար, մինչդեռ այդ քայլը զայրույթ է առաջացրել Թուրքիայի քրդերի շրջանում, որոնք կազմում են երկրի 86 միլիոն բնակչության մեկ հինգերորդը։
Քուրդ պաշտոնյան էլ AFP-ին հայտնել է, որ ՍԴՈՒ-ի և Սիրիայի կառավարության միջև բանակցությունները «փլուզվել են», ինչի հետևանքով հյուսիս-արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է։
Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ, որից հետո Թուրքիայի աջակցությունն է հայտնել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից շաբաթավերջին հայտարարված հրադադարի համաձայնագրին։


