Բացահայտվել է ռուսական զինադադարի հուշագրի ամբողջական բովանդակությունը
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը բացահայտել է ռուսական զինադադարի հուշագրի ամբողջական բովանդակությունը, որը ներկայացվել է այսօր Ստամբուլում կայացած ՌԴ-Ուկրաինա բանակցություններում։
Մասնավորապես՝ նշվում է, որ Ռուսաստանի կողմից հրադադարի երկու տարբերակ է առաջարկվել:
Այսպես՝ առաջինը ենթադրում է ուկրաինական ուժերի դուրսբերում Դոնբասից, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքներից: Նրանք պետք է դուրս բերվեն ռուսական սահմաններից կողմերի համաձայնեցված հեռավորության վրա։
Երկրորդը (կոչվում է «փաթեթային առաջարկ») նախատեսում է զորքերի վերատեղակայման արգելք, մոբիլիզացիայի և Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցում, զորացրման սկիզբ և երրորդ երկրների ռազմական ներկայության բացառում։ Պետք է երաշխավորված լինի նաև Ուկրաինայի հրաժարումը Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ ուղղված «դիվերսիոն և քայքայիչ գործողություններից»։
Դրանից բացի՝ պետք է ստեղծվի հրադադարի ռեժիմի մշտադիտարկման և վերահսկողության երկկողմ կենտրոն։ Կողմերը պետք է իրականացնեն «քաղբանտարկյալների» փոխադարձ համաներում և ազատ արձակեն կալանավորված քաղաքացիական անձանց։ Բացի այդ, Ուկրաինայում պետք է հանվի ռազմական դրությունը, իսկ իշխանությունները պետք է նշանակեն Գերագույն Ռադայի նախագահի ու պատգամավորների ընտրությունների ժամկետները։ Ընտրությունները պետք է անցկացվեն ռազմական դրությունը վերացնելուց ոչ ուշ, քան 100 օր հետո։
Հուշագրի մյուս դրույթները սահմանում են՝
Ուկրաինայի չեզոքությունը և ռազմական դաշինքներին միանալու նրա հրաժարումը, այլ պետությունների կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական գործունեության արգելք, երկրի ոչ միջուկային կարգավիճակի ա և Ուկրաինայի զինված ուժերում առավելագույն թվով զորքերի ամրագրում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում և մի շարք այլ կետեր: