Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքը
Ավստրալիայում գրանցվել է mpox-ի (կապիկի ծաղիկի) նոր տարբերակով վարակման առաջին դեպքը: Այս մասին հաղորդել է SBS հեռուստաալիքը՝ հղում անելով Ավստրալիայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC):
Ըստ հեռուստաալիքի՝ խոսքը Clade 1b շտամի մասին է, որը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, որը վերադարձել էր Թաիլանդում անցկացված արձակուրդից: Սակայն, ինչպես նշել են CDC-ում, «այս դեպքի հետ կապված հետագա փոխանցման ռիսկը և Ավստրալիայում շտամի տարածման սպառնալիքը փոքր են»:
Ավստրալիայի գլխավոր սանիտարական բժիշկ Էնթոնի Լոուլերը նշել է, որ երկրում արդեն ձեռնարկվել են հուսալի միջոցներ mpox-ի տարածման ռիսկը վերացնելու համար:
«Ավստրալիայում հիվանդության բոլոր դեպքերը վերահսկվում են նահանգային և տարածքային առողջապահության նախարարությունների կողմից: Նախապատրաստական միջոցառումներ են ընդունվել, և անհրաժեշտության դեպքում մենք կկարողանանք արագորեն արձագանքել բռնկմանը», - ասել է նա:
2022 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. ապրիլի 30-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհի 133 երկրից ստացել է mpox-ով հիվանդացության 142 151 և մահվան 328 դեպքի մասին տեղեկություններ: Համաշխարհային առողջապահության բնագավառում mpox-ի հետ կապված արտակարգ դրության ռեժիմն սկզբում գործել է 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. մայիսի 11-ը: Այն վերացվել է հիվանդացության դեպքերի նվազման պատճառով, սակայն 2024 թ. օգոստոսի 14-ին ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կրկին արտակարգ դրության ռեժիմ հայտարարեց Աֆրիկայում հիվանդության բռնկման պատճառով:
Mpox-ը վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային անտառների հարևանությամբ: Այս հիվանդության կենդանուց մարդուն փոխանցման առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում: